15:05  ,  10 օգոստոսի, 2021

Ռոման Բերեզովսկի. Հնարավոր է՝ Արսեն Զախարյանը «Չելսիի» ու «Լայպցիգի» առաջարկած գումարից ավելին արժե

Ֆուտբոլի Հայաստանի հավաքականի լեգենդար դարպասապահ, այժմ ազգային թիմի մարզչական շտաբում աշխատող Ռոման Բերեզովսկին անդրադարձել է Մոսկվայի «Դինոմայի» 18-ամյա կիսապաշտպան Արսեն Զախարյանին, որի ծառայություններով հետաքրքրված են գերմանական «Լայպցիգը» և Չեմպիոնների լիգայի հաղթող Լոնդոնի «Չելսին»: Ավելի վաղ նշվում էր, որ 2 ակումբները պատրաստ են ակտիվացնել ռուսաստանցի ֆուտբոլիստի պայմանագրում նշված 12 միլիոն եվրո հրաժարագնի կետը։

«Այդպիսի երիտասարդ տարիքում Զախարյանը հրաշալի դրսևորեց իրեն: Իհարկե, նմանատիպ տեղափոխությունը քայլ առաջ կլիներ նրա համար:

«Չելսիի» ու «Լայպցիգի» պես ակումբներում աշխատում են լուրջ ֆունկցիոներներ: Այդ պատճառով կարծում եմ, որ դա ադեկվատ գին է: Եթե «Դինամոն» ստիպված լինի այդ գումարի դիմաց բաժանվել Զախարյանից, ապա դա կորուստ կլինի նրանց համար: Շատ հավանական է, որ խաղացողն ավելին արժե: Չեմ կարող ասել, որ ծանոթ եմ շուկայական գներին: Սակայն նա 18 տարեկան է և ճիշտ մոտեցման դեպքում ու լավ մարզումային գործընթացի պայմաններում ամեն բան պետք է նորմալ լինի: Այն, որ նրա տարիքի խաղացողն ունի այդպիսի մտածողություն, դա լուրջ տաղանդ է: Հասկանալի է, որ նա պետք է մի փոքր ավելացնի մկանային զանգվածը: Եթե ֆուտբոլիստը հետագայում էլ ունենա մոտիվացիայի այդպիսի մակարդակ, ապա այժմ 12 միլիոն եվրո վճարելուն պատրաստ ակումբները հետագայում կարող են մեծ գումար վաստակել նրա շնորհիվ»,- Մոսկվայի «Դինոմայի» նախկին դարպասապահի խոսքը մեջբերում է sportbox.ru-ն:

Հիշեցնենք, որ ընթացիկ մրցաշրջանում Զախարյանը «Դինամոյի» կազմում մասնակցել է 3 հանդիպման, դարձել մեկական գոլի ու գոլային փոխանցման հեղինակ։ Transfermarkt-ը նրա տրանսֆերային արժեքը գնահատում է 4 միլիոն եվրո։ Հայ ֆուտբոլիստի պայմանագիրը «Դինամոյի» հետ նախատեսված է մինչեւ 2024թ․ հունիս:

Ռուսաստանի նախորդ առաջնությունում Արսեն Զախարյանը «Դինամոյի» կազմում մասնակցել էր 13 հանդիպման, դարձել 3 գոլի ու 5 գոլային փոխանցման հեղինակ: Քվեարկության արդյունքում նա ճանաչվել էր «Դինամոյի» լավագույն ֆուտբոլիստ 2020/21թթ. մրցաշրջանում: Ավելի վաղ կիսապաշտպանն ընդգրկվել էր Ռուսաստանի հավաքականի ընդլայնված կազմում, սակայն դուրս մնաց Եվրո-2020-ի հայտացուցակից:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում