11:05  ,  7 օգոստոսի, 2021

Կարապետ Չալյան. Այսօր ծննդյանս տարեդարձն է, բայց չեմ նշելու

Այսօր ծննդյանս տարեդարձն է, բայց չեմ նշելու: Տոկիո մեկնելուց առաջ որոշել էի, որ անպայման մեդալ եմ նվաճելու, որը մեծ նվեր է լինելու ծննդյանս օրվա կապակցությամբ: Իսկ ես առանց մեդալի եմ վերադարձել:

Այս մասին լրագրողների հետ զրույցում «Զվարթնոց» օդանավակայանում ասաց Եվրոպական խաղերի փոխչեմպիոն Կարապետ Չալյանը (77 կգ), որը նախորդ գիշեր Արթուր Ալեքսանյանի (97 կգ) եւ մարզիչ Գեւորգ Ալեքսանյանի հետ վերադարձավ հայրենիք:

«Մենք պատրաստ էինք հաղթելու: Մեր մարզիչների շնորհիվ լավ պատրաստվել էինք: Բոլոր ուսումնամարզական հավաքները նորմալ անցել էինք: Մրցավարական անարդարության պատճառով ինձ զրկեցին երրորդ տեղի մեդալից: Կարող էի բրոնզե մեդալ նվաճել, բայց մնացի առանց մեդալի:

Ինձ դեռ երկար ժամանակ է պետք այս բարդ հոգեբանական շրջանը հաղթահարելու համար: Իմ 20 տարվա աշխատանքը, քրտինքը մեկ մրցավար ջուրը գցեց: Եկավ ու մեդալն իմ ձեռքից վերցրեց: Ինձ համար շատ դժվար է այս ամենը գիտակցել եւ համակերպվել: Ժամանակ է պետք:

Այսօր ծննդյանս տարեդարձն է: Չեմ պատրաստվում նշել: Ինձ համար շատ տխուր է այս ծնունդը, որովհետեւ մինչեւ Օլիմպիական խաղեր որոշել էի, որ անպայման մեդալ եմ նվաճելու եւ դա լինելու է իմ մեծ նվերն ինձ: Չստացվեց»,- ասաց Կարապետ Չալյանը:

Հիշեցնենք, որ Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոյում ավարտին մոտեցող 32-րդ ամառային Օլիմպիական խաղերում Հայաստանի պատվիրակությունը ելույթն ավարտեց 4 մեդալով՝ 2 արծաթե ու 2 բրոնզե:

17 մասնակցով մրցավայր մեկնած Հայաստանի օլիմպիական հավաքականի կազմում արծաթե մեդալներ նվաճեցին հունահռոմեական ոճի ըմբիշ Արթուր Ալեքսանյանը (97 կգ) և ծանրորդ Սիմոն Մարտիրոսյանը (109 կգ), բռնցքամարտիկ Հովհաննես Բաչկովը (63 կգ) դարձավ բրոնզե մեդալակիր, իսկ Արթուր Դավթյանը երրորդ տեղը գրավեց սպորտային մարմնամարզության հենացատկի վարժությունում: 

Մեդալ նվաճելուն մոտ էր նաև հունահռոմեական ոճի ըմբիշ Կարապետ Չալյանը (77 կգ), որը պարտություն կրեց բրոնզե մեդալի համար գոտեմարտում:

Այս պահին Հայաստանը Տոկիո-2020-ի ընդհանուր մեդալային հաշվարկում 66-րդ տեղում է:

Հիշեցնենք, որ նախորդ՝ Ռիո-2016 Օլիմպիական խաղերում Հայաստանը նվաճել էր 1 ոսկե ու 3 արծաթե մեդալ և 42-րդ տեղն էր գրավել մեդալային հաշվարկում: Ռիո դե Ժանեյրոյում Արթուր Ալեքսանյանը նվաճել էր օլիմպիական չեմպիոնի կոչումը, հունահռոմեական ոճի մեկ այլ ըմբիշ Միհրան Հարությունյանը, ծանրորդներ Գոռ Մինասյանը և Սիմոն Մարտիրոսյանը դարձել էին արծաթե մեդալակիրներ:

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում