12:42  ,  6 օգոստոսի, 2021

«Կայրաթի» մարզիչն օրինաչափ է համարում «Ալաշկերտի» հետ ոչ ոքին

Ղազախական «Կայրաթի» գլխավոր մարզիչ Կիրիլ Կեկերն անդրադարձել է Հայաստանի չեմպիոն «Ալաշկերտի» հետ գոլազուրկ ոչ ոքիին Եվրոպայի լիգայի որակավորման երրորդ փուլի առաջին խաղում:

«Մեր լավագույն խաղը չցուցադրեցինք: Հանդիպման սկզբնամասում բավականաչափ հնարավորություններ ունեցանք հաշիվը բացելու համար: Իհարկե, լավ պահեր ունեցավ նաև մրցակիցը: Հաշվի առնելով դա՝ ոչ ոքին արդարացի ու օրինաչափ արդյունք էր:

Պատասխան խաղից առաջ անհրաժեշտ է ճիշտ հետևություններ անել այս հանդիպումից: Մի փոքր բարդացրինք մեր խնդիրը Եվրոպայի լիգայում ու գավաթի խաղարկությունում: Հիմա պետք է գործենք
անձնվիրաբար ու վստահ»,- մարզիչի խոսքը մեջբերում է մամուլի ծառայությունը:

Հիշեցնենք, որ Ալմաթիում տեղի ունեցած հանդիպման 36-րդ րոպեին «Ալաշկերտի» հարձակվող Ալեքսանդր Գլիշիչը չէր կարողացել անվրեպ իրացնել 11 մետրանոց հարվածը: Պատասխան հանդիպումը կանցկացվի օգոստոսի 12-ին Երևանում։

«Կայրաթի» արգելքը հաղթահարելու դեպքում «Ալաշկերտը» Եվրոպայի լիգայի փլեյ-օֆֆում կմրցի «Մալմյո» (Շվեդիա) – «Գլազգո Ռեյնջերս» (Շոտլանդիա) Չեմպիոնների լիգայի որակավորման երրորդ փուլի դիմակայության պարտվողի հետ և նվազագույնը կապահովի Կոնֆերենցիաների լիգայի խմբային փուլի ուղեգիր:

«Ալաշկերտ» – «Կայրաթ» զույգի պարտվողը պայքարը կշարունակի Կոնֆերենցիաների լիգայի վերջին՝ փլեյ-օֆֆ փուլում, որտեղ կհանդիպի «Լինֆիլդ» (Հյուսիսային Իռլանդիա) – «Ֆոլա Էշ» (Լյուքսեմբուրգ) զույգի հաղթողին:

Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլում «Ալաշկերտը» 2 խաղերի արդյունքում հաղթել էր Ուելսի չեմպիոն «Կոնաս Կի Նոմադսին» (2:2, 1:0), իսկ երկրորդ փուլում պարտվել էր մոլդովական «Շերիֆին» (0:1, 1:3) և պայքարը շարունակում է Եվրոպայի լիգայում:

 



Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում