18:39  ,  4 օգոստոսի, 2021

Էդուարդ Սահակյանը՝ Տոկիոյից. Եվլոեւը ոչ թե դարձավ չեմպիոն, այլ դարձրին, եւ միայն իրենք ուրախացան

Արթուր Ալեքսանյանը շարքային մարզիկ չի, նա բոլորից բարձր է: Ինքս շատ կուզեմ, որ այս շրջանը հաղթահարի եւ շարունակի հանդես գալ հավաքականում:

Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում Տոկիոյից ասաց հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Էդուարդ Սահակյանը:

4 մարզիկներով Տոկիո-20220-ին մասնակցած հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի թիմը Օլիմպիական խաղերն ավարտեց մեկ արծաթե մեդալով, որը վիճահարույց մրցավարության պայմաններում բաժին հասավ Ռիո-2016–ի օլիմպիական չեմպիոն, աշխարհի եռակի, Եվրոպայի հնգակի եւ Եվրոպական խաղերի չեմպիոն Արթուր Ալեքսանյանին (97 կգ):  

Եվրոպական խաղերի փոխչեմպիոն Կարապետ Չալյանը (77 կգ) եւ եռակի Եվրոպայի բրոնզե մեդալակիր Կարեն Ասլանյանը (67 կգ) մեդալներ չնվաճեցին կրկին մրցավարական միջամտությունների հետեւանքով: 2019թ. մինչեւ 23 տարեկանների աշխարհի չեմպիոն Արմեն Մելիքյանը (60 կգ) լքել էր պայքարը քառորդ եզրափակիչում:

Հավաքականի գլխավոր մարզիչ Էդուարդ Սահակյանն ամփոփել է Տոկիո-2020-ում հունահռոմեականների մրցելույթներն ու խոսել մրցավարական անարդարությունների դեմ պայքարելու անհրաժեշտության մասին:

Պարոն Սահակյանը, շնորհավորում եմ արծաթե մեդալի կապակցությամբ: Ի՞նչ տրամադրություն է այժմ թիմում երեկվա անհաջողություններից հետո:

Հասկանալի հոգեբանական վիճակ է այժմ թիմում բոլորիս մոտ: Նորմալ է, շատ խանգարեցին մեզ, մեր արդյունքներին իսկապես շատ միջամտեցին: Մեր սպասելիքներն ավելի շատ էին: Պլանավորում էինք երեք եզրափակիչի մասնակից, բայց տեսաք, թե ինչ եղավ եւ ինչպես եղավ:

Տղաներից շատ գոհ եմ, բայց չթողեցին մեզ արժանի գնահատականին հասնենք: Արթուր Ալեքսանյանից մինչեւ Արմեն Մելիքյան, բոլորից շատ գոհ եմ եւ շնորհակալ այն աշխատանքի համար, որ նրանք արեցին մինչեւ Տոկիո եւ Տոկիոյում:

Վերքերը կլավանան: Մեր տղաները հզոր են, կայացած որպես մարդ եւ մարզիկ: Մենք կհաղթահարենք այս շրջանը եւս: Այս ամենը միայն մարզիկների հոգեբանության վրա չի ազդում, նաեւ մարզիչներս ենք հիասթափվում, հուսահատվում, բայց այդ ամենը ժամանակավոր է: Սպորտի նվիրյալ մարդը անարդարությանը հանդիպելով չի դադարեցնի իր պայքարը: Ժամանակ է պետք այս փուլն անցնելու համար:

Արթուր Ալեքսանյանը եզրափակիչից հետո ծափերով «ողջունեց» մրցավարների գործողությունները: Ի՞նչը խանգարեց նրան հաղթել նաեւ մրցավարներին:

Արթուր Ալեքսանյանը շատ լավ մոտեցավ մրցումներին: Իր բառերն եմ ասում՝ շատ լավ էր իրեն զգում մրցագորգում, լիարժեք պատրաստ, թարմ: Եզրափակիչի ճանապարհին նա փայլուն գոտեմարտեր անցկացրեց, բայց բոլորս տեսանք, թե ինչ արեցին հենց եզրափակիչում: Մեկնաբանություններն ավելորդ են: Մուսա Եվլոեւի հետ գոտեմարտում եւս Արթուրն իրեն լավ էր զգում եւ լիարժեք պատրաստ էր հաղթանակի, բայց արեցին այն, ինչ կամեցան: Պարտերում Արթուրը հրաշալի աշխատեց, բայց մրցակցի թիմը վիճարկեց որոշումը եւ շահեց բողոքարկումը: Պարտերում Արթուրը լրիվ մաքուր պաշտպանվեց եւ անվիճարկելի էր նրա պաշտպանությունը, բայց մրցավարներն արդեն տվել էին պասիվություն եւ հասկանալի էր, որ բավարարելու էին նաեւ պարտերի բողոքարկումը:

Պարտերի բողոքարկումից հետո Արթուրի գոտեմարտի դինամիկան փոխվեց: Վերջում գրեթե չպայքարեց, նրա համար էլ արդեն պարզ էր, որ թույլ չեն տալու հաղթի: Չուզեց պայքարի, ավելի ճիշտ:

Գոտեմարտի ընթացքում ոտքի ցավը զգալ էր տալիս, բայց Արթուրը հերոսի պես դուրս եկավ գորգ եւ այդ ոտքով նորմալ աշխատեց: Այնպես չէր, որ ցավը նրան խանգարեց պայքարելու համար:

Արթուրը բարձր է բոլորից, նրա մակարդակը բարձր է. չթողեցին, անարդար մոտեցան: Օլիմպիական չեմպիոնի հանդեպ Օլիմպիական խաղերում չի կարելի այդպես վարվել: Արթուրին ուղղակի որեւէ հնարավորություն չտվեցին:

Արթուր Ալեքսանյանը բարձրակարգ ըմբիշ է: Երեք Օլիմպիական խաղեր եւ օլիմպիական բրոնզ, արծաթ, ոսկի... Պատմության մեջ սա իսկապես երեւույթ է: Անձամբ ես ուրախ կլինեմ, որ այս շրջանը նա կարողանա հաղթահարել եւ շարունակի հանդես գալ մրցաշարերում, հավաքականում:

Կարապետ Չալյանի բրոնզե մեդալի համար գոտեմարտի մասին ի՞նչ կասեք: Գլխով հարված կա՞ր մրցակցի դեմքին:

Կարապետ Չալյանին մեդալից զրկեցին: Ադրբեջանցու հետ բրոնզե մեդալի համար գոտեմարտը հերթական անարդարությունն էր մեր նկատմամբ: Գոտեմարտի անմիջապես մեկնարկում  զգուշացում տվեցին Չալյանին, որ երկրորդը իրենց ուզած պահին կարողանան տալ ու միավոր վերցնել: Գլխով հարված չկար, բայց ադրբեջանցին իմիտացիա արեց, թե հարված է ստացել: Հավասար պայքար էր, բայց այստեղ էլ հարվածի այդ նկատողությամբ գոտեմարտի ելքը մրցավարներն արդեն որոշեցին:

Չալյանը նույնպես շատ լավ մարզավիճակում էր: Նա ուժեղ մրցակիցների հաղթեց եւ հաղթում էր նաեւ ադրբեջանցուն: Իմիտացիան հաղթեց: Քառորդ եզրափակիչում իր սխալի պատճառով պարտվեց, բայց այստեղ միանշանակ մեդալն իրենն էր, բայց «գեղեցիկ» ձեւով նրան զրկեցին այդ մեդալից:

Կարեն Ասլանյանին էլ զրկեցին մեդալից այնպես, ինչպես Չալյանին: Ասլանյանի դեպքում ավելի բացահայտ այդ ամենն արվեց: Նրա գոտեմարտի մրցավարությունը խայտառակություն էր: Այսպիսի բան չկա Օլիմպիական խաղերում՝ տուշե անի, գրանցեն, հաղթող ճանաչեն, հայտարարեն նրա հաղթողի անունը, հետո նոր որոշեն բողոքարկել, մրցավարի որոշում փոխեն հանձնաժողովում: Ոչ մի կերպ մարդու գիտակցության մեջ չի տեղավորվում մրցավարների արածը Ասլանյանի նկատմամբ:

Ի՞նչ պետք է անել մրցավարներին հաղթելու համար: Ո՞վ եւ ինչպե՞ս կարող է հայ մարզիկների նկատմամբ մրցավարների վերաբերմունքը փոխել Օլիմպիական խաղերում եւ խոշոր մրցաշարերում:

Մրցավարներն իրենց այս պահվածքով ցածրացնում են մեր մարզաձեւը, դնում վտանգի տակ, մարզիկների ճակատագրերի հետ խաղում: Երեկ օրվա ավարտին ինքս ինձ համար վերլուծություն էի անում. ինչպես Արթուր Ալեքսանյանը դարձավ օլիմպիական չեմպիոն Ռիոյում եւ ինչպես Մուսա Եվլոեւն այստեղ... Արթուրը օլիմպիական չեմպիոն դարձավ տրիումֆով, բարձր գլխով եւ արդարությամբ: Նրա չեմպիոնությամբ բոլորն ուրախացան՝ ոչ միայն Հայաստանը, հայ ազգը, այլ ամբողջ մարզաշխարհը: Այստեղ պատկերն այլ է. Մուսա Եվլոեւը ոչ թե դարձավ չեմպիոն, այլ նրան դարձրին, եւ միայն իրենք ուրախացան իրենց համար:

Մրցավարական պատնեշին մենք պարբերաբար ենք հանդիպում։ Ռիո-2016-ից Միհրան Հարությունյանի դեպքից սկսած մեզ թույլ չեն տալիս արժանի մեդալներ նվաճենք Օլիմպիական խաղերում: Փոքր երկիր ենք, այս կերպ էլ փորձում են հարվածներ հասցնել:

Պետք է պայքարենք այս անարդարությունների դեմ: Պետք է փորձենք բոլոր հնարավոր միջոցներով: Պետք է անդադար բարձրաձայնենք անարդարությունների մասին, մրցավարական սխալների, կողմնապահությունների մասին:

Կքննարկենք, կշարադրենք, կբողոքարկենք Տոկիոյում մեր գոտեմարտերի մրցավարությունները: Դա ոչինչ չի փոխի, ոչինչ հետ չենք բերի, բայց սա պետք է մեր մարզիկներին, մեր երկրին, որ հետագայում մեզ լուրջ նայեն: Պետք է կարողանանք հասնել նրան, որ մրցաշարերում մեր մարզիկների նկատմամբ արդար լինեն, այնպես, ինչպես հիմա, օրինակ, շվեդների հանդեպ են:

Մեր տղաներն իսկական հերոսների պես կռվեցին Տոկիոյի մրցագորգում, բոլորն էլ արժանի են ամենաբարձրին եւ մեզ համար հաղթողներ են: Միայն մեդալով չի: Այն մարզիկը, որը մինչեւ անգամ օլիմպիական ուղեգիր է կարողանում նվաճել իր ուժերով, արդեն մեծ ուշադրության է արժանի, արդեն հաղթող է: Օլիմպիական խաղերի մասնակիցը հերոսի պես մարդ է:

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով