21:34  ,  3 օգոստոսի, 2021

Աշխարհի գավաթ. Դուդան հաղթեց Կարլսենին ու նվաճեց Հավակնորդների մրցաշարի ուղեգիր

Սոչիում ավարտին մոտեցող շախմատի աշխարհի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչում լեհ գրոսմայստեր Յան-Կշիշտոֆ Դուդան թայ-բերյքում անակնկալ հաղթանակ տարավ աշխարհի չեմպիոն, ՖԻԴԵ-ի դասակարգման առաջատար, նորվեգացի Մագնուս Կարլեսնի նկատմամբ ու նվաճեց եզրափակիչի ուղեգիր:

Արագ շախմատի 2 պարտիաների արդյունքում լեհ գրոսմայստերն առավելության հասավ 1.5:0.5 հաշվով: 2 դասական պարտիաներում հաղթող չէր եղել:

Եզրափակիչի մյուս ուղեգիրը նվաճել էր ռուսաստանցի Սերգեյ Կարյակինը, որը 1.5:0.5 հաշվով ուժեղ էր գտնվել իր հայրենակից Վլադիմիր Ֆեդոսեևից: Եզրափակիչը կանցկացվի օգոստոսի 4-6-ը:

Յան-Կշիշտոֆ Դուդան ու Սերգեյ Կարյակինն աշխարհի չեմպիոնի հավակնորդների մրցաշարի ուղեգիր նվաճեցին եզրափակիչ դուրս գալու շնորհիվ:

Հիշեցնենք, որ աշխարհի գավաթի խաղարկությունում Հայաստանի ներկայացուցիչներից լավագույն արդյունքը գրանցել էր Հայկ Մ. Մարտիրոսյանը, որը հասել էր մինչև 1/8 եզրափակիչ և թայ-բրեյքում պարտվել իրանցի Մամին Տաբատաբաեին: 2016թ. աշխարհի մինչեւ 16 տարեկանների չեմպիոն Հայկ Մ․ Մարտիրոսյանն առաջին շրջանում հաղթել էր զամբիացի Չիտումբո Մվալիին (2281), երկրորդ շրջանում՝ թուրք Մուստաֆա Յիլմազին (2630), երրորդ շրջանում՝ Ադրբեջանի հավաքականի առաջատար, համաշխարհային վարկանիշային աղյուսակը 6–րդ համար Շաքրիյար Մամեդյարովին (2770), չորրորդ շրջանում՝ խորվաթ Անտե Բրկիչին (2592)։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում