18:31  ,  3 օգոստոսի, 2021

Վիգեն Խաչատրյանը՝ Տոկիոյից. Սիմոն Մարտիրոսյանը դեռ կնվաճի իր արժանի ոսկե մեդալը

Ուզբեկ ծանրորդի մոտ ստացվեց օգտագործել իր հնարավորությունը, կառչել կիլոգրամներից եւ գնալ ծանրաձողի հետեւից, իսկ Սիմոն Մարտիորսյանի մոտ՝ ոչ: Վերջին մեկ տարվա ընթացքում տեղի ունեցած դեպքերն իրենց հետքը թողեցին Սիմոնի վրա: Կպատրաստվենք հաջորդ Օլիմպիական խաղերին, որը սարերի հետեւում չէ:

Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում Տոկիոյից ասաց ծանրամարտի տղամարդկանց Հայաստանի հավաքականի մարզիչ Վիգեն Խաչատրյանը՝ մեկնաբանելով Սիմոն Մարտիրոսյանի ելույթը Տոկիո-2020-ում: Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոյում ընթացող 32-րդ ամառային Օլիմպիական խաղերի ծանրամարտի 109 կգ քաշայինների մրցաշարում կրկնակի աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Սիմոն Մարտիրոսյանը երկամարտի 423 կգ արդյունքով կարիերայում երկրորդ անգամ նվաճեց օլիմպիական արծաթե մեդալ՝ կրկնելով Ռիո-2016-ի արդյունքը: 24-ամյա ծանրորդի հետ Տոկիոյի մրցահարթակում աշխատում էր Վիգեն Խաչատրյանը: Ինչպես մարզիչն, այնպես բոլորը Սիմոն Մարտիրոսյանից ակնկալում էին միայն ոսկե մեդալ:

«Սիմոն Մարտիրոսյանը լիարժեք պատրաստ էր, բայց ինչ-որ բան չստացվեց: Վերջին մեկ տարվա ընթացքում տեղի ունեցան շատ դեպքեր, որոնք իրենց ազդեցությունը թողեցին Սիմոնի վրա: Ծնկի վնասվածք ստացավ, հետո՝ մեջքի: Ապաքինվեց, լիարժեք բուժվեց, այստեղ արդեն լիարժեք լավ էր զգում իրեն: Ամեն դեպքում, սրանք պատճառներ չեն, որովհետեւ լիարժեք ապաքինվել էր: Հիմա լավ էր ամեն ինչ. չստացվեց: Ֆուտբոլի մեջ ասում են՝ դու չես խփում, քեզ են խփում: Նույնն այստեղ էր. դու չես անում մոտեցումը, իրենք են անում ու վերջ: Երկուսն էլ մոտեցան: Սիմոնին ավելի հստակ շանս էր տրված չեմպիոն դառնալու համար, քան ուզբեկ մրցակցին: Ջուրաեւը կարողացավ օգտագործել իր շանսը, կառչել կիլոգրամներից, ծանրաձողի հետեւից գնալ, իսկ Սիմոնի մոտ չստացվեց: Ամեն դեպքում, Սիմոնը դեռ երիտասարդ է: Կպատրաստվենք հաջորդ Օլիմպիական խաղերին, որոնք սարերի հետեւում չեն: Քառամյա մրցաշրջանից մեկ տարին արդեն անցավ: Սիմոնը դեռ կնվաճի իր արժանի ոսկե մեդալը»,- ասաց Վիգեն Խաչատրյանը:

Հիշեցնենք, որ 109 կգ քաշային կարգում օլիմպիական չեմպիոնի կոչումը երկամարտի 430 կգ արդյունքով նվաճել էր ուզբեկ Աքբար Ջուրաեւը։ Ռիո-2016 Օլիմպիական խաղերում ևս Սիմոն Մարտիրոսյանին գերազանցել էր Ուզբեկստանի ներկայացուցիչ (Ռուսլան Նուրուդինովը):

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով