11:55  ,  3 օգոստոսի, 2021

Գեւորգ Ալեքսանյանը՝ Տոկիոյից․ Մաքուր տուշեով հաղթանակը Կարենի ձեռքից տարան բացահայտ անարդարությամբ

Կարեն Ասլանյանի գոտեմարտի մրցավարությունը լրիվ խայտառակություն էր: Մենք ի զորու չենք այստեղ, Օլիմպիական խաղերում ոչինչ անել: Մեր ղեկավարությունը, ֆեդերացիան, ՀԱՕԿ-ը պետք է բողոքարկեն, որ այլեւս մեզ հետ զգոն լինեն: Մաքուր տուշեով հաղթանակը Կարենի ձեռքից տարան բացահայտ անարդարությամբ, անհասկանալի որոշումներով:

Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի հավաքականի մարզիչ Գեւորգ Ալեքսանյանը՝ մանրամասնելով Կարեն Ասլանյանի վիճահարույց պարտությունը 67 կգ քաշայինների քառորդ եզրափակիչում:

«Այս գոտեմարտը լրիվ խայտառակություն էր: Կարեն Ալսանյանը բացահայտ առավելություն ուներ եւ տուշեով հաղթում էր եգիպտացի ըմբիշին: Գոտեմարտը վիճահարույց մրցավարությամբ ավարտվեց 7:7 հաշվով: Վերջին միավորը Կարենինն էր, բայց քանի որ նա ուներ նկատողություն, որի համար 2 միավոր հանել էին մեր հաշվից, պարտություն տվեցին մեզ:

Կարեն Ասլանյանը առաջին մրցափուլում պարտվում էր 0։6 հաշվով: Տուշե արեց, գորգի կենտրոնական մրցավարը ձեռքը բարձրացրեց եւ սուլիչ տվեցին, տուշեն կանգնեցրին: Չթողեցին՝ շարունակի:

Գոտեմարտը շարունակվեց 6:4 հաշվով ի օգուտ եգիպտացու: Կարեն Ասլանյանը նորից պայքարեց, տուշե արեց: Գրանցեցին տուշեն, գորգի, կողային կենտրոնական մրցավարը տուշե գրանցեցին, բայց մրցավարական անձնակազմի ղեկավարությունից կանչեցին գորգի մրցավարին, չգիտեմ՝ ինչ որոշեցին, տուշեն հանեցին, հաշիվը դարձրին 6:2:

Երկրորդ մրցափուլը Կարեն Ասլանյանը կսկեց 6:2 հաշվով: Այստեղ արդեն պայքարեց, մեկ միավոր ավելացրեց: Վերջնամասում 4 միավորանոց գցում կատարեց, դա էլ 2 միավոր տվեցին: Բողոքարկեցինք, վերանայեցին, 4 միավոր տվեցին: Հաշիվը դարձավ 7:7:

Վերջին միավորի առավելությունը Կարենինն էր, բայց արդեն նկատողություն ունեինք, որով էլ որոշվեց գոտեմարտի ելքը: Այսինքն՝ տուշեն չհաշվեցին, բայց նկատողությունը, ազդեց գոտեմարտի արդյունքի վրա: Սա ուղղակի խայտառակություն է: Տուշեն հաշվում էին ու դրանով ամեն ինչ ավարտվում էր: Օրենքներն այնպես է, որ դահլիճում մենք ոչինչ չենք կարող անել, միայն կարող ենք բողոքարկել: Այս ամենը, ինչ արդեն արել են, դրա դեմ միայն ֆեդերացիան եւ ՀԱՕԿ-ը կարող է բողոքարկել՝ Միջազգային Օլիմպիական կոմիտեին, Միջազգային ֆեդերացիան մեր բողոքարկումը պետք է հասնի, որպեսզի այսպես չվարվեն, մեր հաղթանակները չգողանան:

Սա հաղթած գոտեմարտ էր: Կարեն Ասլանյանն այսպես չպետք է պարտվեր քառորդ եզրափակիչում: Ամեն ինչ կասկածելի է: Եզրափակիչից զրկվեցինք, մաքուր հաղթելու դեպքում»,- մանրամասնեց Գեւորգ Ալեքսանյանը:

Հիշեցնենք, որ Տոկիոյի Օլիմպիական խաղերում հունահռոմեական ըմբշամարտի 67 կգ քաշայինների քառորդ եզրափակիչում Կարեն Ասլանյանը գոտեմարտեց Աֆրիկայի եռակի չեմպիո, Աֆրիկյան խաղերի չեմպիոն, մինչեւ 23 տարեկանների աշխարհի նախորդ երկու տարիների չեմպիոն, 23-ամյա եգիպտացի Մոհամեդ Իբրահիմ Էլսայեդի հետ եւ պարտվեց 7:7 հաշվով։

Կարեն Ասլանյանը Տոկիոյում պայքարը սկսել էր 1/8 եզրափակիչից։ 26-ամյա հայ ըմբիշը գոտեմարտել էր 2016թ. աշխարհի ու 2017թ. Եվրոպայի չեմպիոն, 34-ամյա հունգարացի Բալինտ Կորպաշիի հետ եւ առավելության հասել վերջին միավորի շնորհիվ՝ 1։1։ Մոհամեդ Իբարհիմ Էլսայեդը 7։6 հաշվով պարտության էր մատնել աշխարհի կրկնակի չեմպիոն, 33-ամյա հարավկորեացի Ռյու Սան Սուին։ Եթե Մոհամեդ Իբարհիմ Էլսայեդը հասնի եզրափակիչ, Կարեն Ասլանյանը պայքարը կշարունակի բրոնզե մեդալի համար։

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով


  • Հարցում
Քվեարկել են (13)
  • Ֆեյսբուք
  • NEWS.am Sport Exclusive
  • Արխիվ