Տավուշի մարզի Նորաշեն համայնքում տեղի է ունեցել ֆուտբոլային մարզադաշտի բացման հանդիսավոր արարողությունը։
Միջոցառմանը ընթացքում մարզադաշտը մարդաշատ էր, ներկա էին ինչպես նորաշենցիները, այնպես էլ հարևանությամբ գտնվող մյուս սահմանամերձ գյուղերից բազմաթիվ հյուրեր:
Անցկացվեց նաև «Նորաշենի գավաթ-2021» ֆուտբոլի միջմարզային մրցաշարը, որին մասնակցեցին «Ուտիք», «Նիկարմ», «Աղբյուրակ» և «Վան» ֆուտբոլային ակումբների պատանեկան թիմերը:
Միջոցառման ընթացքում Հայաստանի լրագրողների ֆուտբոլային հավաքականն ընկերական հանդիպում անցկացրեց Նորաշեն և Վերին Կարմիրաղբյուր համայնքների միավորված թիմի հետ և հաղթեց 2:0 հաշվով:
Հանդիպումներին հետևում էին նաւ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արմեն Մելիքբեկյանն ու ՀՖՖ նախագահի խորհրդական, լեգենդար ֆուտբոլիստ Խորեն Հովհաննիսյանը: Իր խոսքում Արմեն Մելիքբեկյանը կարևորեց մարզերում ու սահմանամերձ համայնքներում այսպիսի միջոցառումների անցկացումը:
Միջոցառման կազմակերպիչը Հայ Առաքելական եկեղեցու Տավուշի թեմն է: Խաղադաշտի վերակառուցմանն աջակցել է տավուշցի բարերար Վանիկ Ավագյանը: Հատկանշական է, որ Հայաստանի անկախացումից հետո Բերդի տարածաշրջանում նոր մարզադաշտ չէր բացվել, մյուս խաղադաշտերն էլ բարվոք վիճակում չեն:
Հայաստանի լրագրողների ֆուտբոլային հավաքականն ունի սահմանապահ համայնքներում ելույթների հսկայական փորձ։ Այդ ավանդույթը շարունակական բնույթ է կրում, և առաջիկայում ևս կա տարբեր համայնքներում մրցաշարների, բարեգործական ու ընկերական խաղերի մասնակցելու մտադրություն։ Հավաքականի գլխավոր աջակիցը TotoGaming բուքմեյքերական ընկերությունն է։
Ֆոտո՝ Հայաստանի լրագրողների ֆուտբոլային հավաքականի մամուլի ծառայություն
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում