22:45  ,  2 օգոստոսի, 2021

Սահմանամերձ Նորաշեն համայնքում բացվել է ֆուտբոլային մարզադաշտ (ֆոտոշարք)

Տավուշի մարզի Նորաշեն համայնքում տեղի է ունեցել ֆուտբոլային մարզադաշտի բացման հանդիսավոր արարողությունը։

Միջոցառմանը ընթացքում մարզադաշտը մարդաշատ էր, ներկա էին ինչպես նորաշենցիները, այնպես էլ հարևանությամբ գտնվող մյուս սահմանամերձ գյուղերից բազմաթիվ հյուրեր:

Անցկացվեց նաև «Նորաշենի գավաթ-2021» ֆուտբոլի միջմարզային մրցաշարը, որին մասնակցեցին «Ուտիք», «Նիկարմ», «Աղբյուրակ» և «Վան» ֆուտբոլային ակումբների պատանեկան թիմերը:

Միջոցառման ընթացքում Հայաստանի լրագրողների ֆուտբոլային հավաքականն ընկերական հանդիպում անցկացրեց Նորաշեն և Վերին Կարմիրաղբյուր համայնքների միավորված թիմի հետ և հաղթեց 2:0 հաշվով:

Հանդիպումներին հետևում էին նաւ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արմեն Մելիքբեկյանն ու ՀՖՖ նախագահի խորհրդական, լեգենդար ֆուտբոլիստ Խորեն Հովհաննիսյանը: Իր խոսքում Արմեն Մելիքբեկյանը կարևորեց մարզերում ու սահմանամերձ համայնքներում այսպիսի միջոցառումների անցկացումը:

Միջոցառման կազմակերպիչը Հայ Առաքելական եկեղեցու Տավուշի թեմն է: Խաղադաշտի վերակառուցմանն աջակցել է տավուշցի բարերար Վանիկ Ավագյանը: Հատկանշական է, որ Հայաստանի անկախացումից հետո Բերդի տարածաշրջանում նոր մարզադաշտ չէր բացվել, մյուս խաղադաշտերն էլ բարվոք վիճակում չեն:

Հայաստանի լրագրողների ֆուտբոլային հավաքականն ունի սահմանապահ համայնքներում ելույթների հսկայական փորձ։ Այդ ավանդույթը շարունակական բնույթ է կրում, և առաջիկայում ևս կա տարբեր համայնքներում մրցաշարների, բարեգործական ու ընկերական խաղերի մասնակցելու մտադրություն։ Հավաքականի գլխավոր աջակիցը TotoGaming բուքմեյքերական ընկերությունն է։

Ֆոտո՝ Հայաստանի լրագրողների ֆուտբոլային հավաքականի մամուլի ծառայություն

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս