21:44  ,  2 օգոստոսի, 2021

Երեւանի «Լոկոմոտիվը» հաշվարկում է ՀՖՖ-ի կողմից իրեն հասցված ֆինանսական և բարոյական վնասի չափը

«Լոկոմոտիվ» ֆուտբոլային ակումբը հաշվարկում է ՀՖՖ-ի կողմից իրեն հասցված ֆինանսական և բարոյական վնասի չափը, հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը։

«Սիրելի հայրենակիցնե՛ր, ֆուտբոլային համա՛յնք։

Ինչպես արդեն տեղեկացրել ենք Լոզանի Սպորտային Արբիտրաժային դատարանը ամբողջությամբ բավարարել է Լոկոմոտիվ ֆուտբոլային ակումբի հայցը ընդդեմ Հայաստանի Ֆուտբոլի ֆեդերացիայի:

Լոզանի Սպորտային Արբիտրաժային դատարանի վճիռը հրապարակվելու է օգոստոսի 5-ից հետո։ Այդ իսկ պատճառով մեր մամուլի ասուլիսը կկայանա դատարանի կողմից վճիռը հանրայնացնելուց հետո, որպեսզի կարողանանք հանրությանը ներկայացնել ամբողջ պրոցեսի ողջ մանրամասները։

Ներկա պահին մեր պաշտպանական թիմը՝ համագործակցելով մի շարք տեղական և միջազգային փորձագետների հետ, կատարում են հաշվարկ-գնահատում Հայաստանի Ֆուտբոլի Ֆեդերացիայի կողմից մեր ակումբին և նրա յուրաքանչյուր անդամին հասցված ֆինանսական և բարոյական վնասի իրական չափը պարզելու համար, որպեսզի բոլոր իրավունքները վերականգնելուց զատ ամբողջությամբ վերականգնվեն նաև մեր ակումբին հասցված ֆինանսական և բարոյական վնասները միջազգային դատարանի միջոցով։

Մամուլի ասուլիսի վայրի և ձևաչափի մասին հանդես կգանք լրացուցիչ հայտարարությամբ»,– նշվում է հայկական ակումբի հաղորդագրությունում։

Լոզանի Մարզական վճռաբեկ դատարանը (CAS) չեղարկել է ակումբի նկատմամբ պատժամիջոցները ՀՖՖ-ի կողմից: Այսպիսով վերականգնված են «Լոկոմոտիվ» ֆուտբոլային ակումբի բոլոր իրավունքները որպես ՀՖՖ լիիրավ անդամ և վերացված են բոլոր որակազրկումները։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում