18:02  ,  2 օգոստոսի, 2021

Էդուարդ Սահակյանը՝ Տոկիոյից. Արթուր Ալեքսանյանն իրեն լավ է զգում, հիվանդանոցում ենք, ներարկումներ են անում

Արթուր Ալեքսանյանն իրեն լավ է զգում, այս պահին հիվանդանոցում ենք, բուժզննում է անցնում, ներարկումներ են անում։ Ամեն ինչ կանենք, որ վաղը լիարժեք, առանց որեւէ ցավի դուրս գա մրցագորգ։ Օլիմպիական խաղերն այն մրցաշարը չէ, որ հրաժարվենք եզրափակիչ գոտեմարտին դուրս գալուց։ Արթուրի չմասնակցելու հարցն այս պահին չի քննարկվում։

Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում Տոկիոյից ասաց հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Էդուարդ Սահակյանը։

Ռիո-2016 Օլիմպիական խաղերի չեմպիոն, աշխարհի եռակի ու Եվրոպայի հնգակի չեմպիոն, Եվրոպական խաղերի հաղթող Արթուր Ալեքսանյանը հունահռոմեական ըմբշամարտի օլիմպիական մրցաշարի կիսաեզրափակիչում մրցեց 23-ամյա իրանցի Մոհամադհադի Սարավիի հետ ու հաղթեց 4:1 հաշվով։ Գոտեմարտի վերջնամասում Արթուր Ալեքսանյանը ոտքի մկանի վնասվածք ստացավ։

«Այս պահին ե՛ւ ուրախ ենք, ե՛ւ տխուր։ Շնորհավորում եմ բոլորիս Արթուր Ալեքսանյանի եզրափակիչ դուրս գալու եւ Արթուր Դավթյանի բրոնզե մեդալի կապակցությամբ։ Վատն այն է, որ Կարապետ Չալյանը ցավալի պարտություն կրեց։ Մեկ մրցափուլում Կարապետը երեք սխալ թույլ տվեց։ Մենք կարող էինք վաղն ունենալ միանգամից երկու եզրափակիչի մասնակից։ Շատ եմ ափսոսում Կարապետ Չալյանի պարտության համար։ Նա պատրաստ էր։ Վաղը կպայքարենք բրոնզե մեդալի համար։

Արթուր Ալեքսանյանի վիճակն այս պահին նորմալ է։ Մկանն է ձգվել, չի կտրվել։ Ոտքը դնում է գետնին, բայց ուժեղ ցավ ունի։ Հիմա այս պահին եկել ենք հիվանդանոց, ներարկումներ են անում, կցավազրկենք, կկապենք, վաղը եւս կցավազրկենք, որպեսզի լիարժեք կարողանա դուրս գալ մրցագորգ։

Արթուր Ալեքսանյանի եզրափակիչ դուրս չգալու հարց չի քննարկվում։ Սա Օլիմպիական խաղերն է, այն մրցաշարը չէ, որ դուրս չգանք։

Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիան լուսանկար է տեղադրել այդ հատվածից, երբ իրանցի ըմբիշը բռնել էր Արթուրի ոտքի մկանը։ Սա կոպիտ խախտում էր»,– մանրամասնեց Էդուարդ Սահակյանը։

Օգոստոսի 3-ին անցկացվելիք երափակիչում 29-ամյա Արթուր Ալեքսանյանի մրցակիցը կլինի աշխարհի ու Եվրոպայի կրկնակի չեմպիոն, 28-ամյա ռուսաստանցի Մուսա Եվլոևը:

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով


  • Լրահոս