07:53  ,  2 օգոստոսի, 2021

Տոկիո-2020. Արթուր Ալեքսանյանը հաղթանակով սկսեց տիտղոսի պաշտպանությունը

Գործող օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանը (97 կգ) վստահ հաղթանակով սկսեց տիտղոսի պաշտպանությունը Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոյում շարունակվող 32-րդ ամառային Օլիմպիական խաղերի հունահռոմեական ոճի ըմբշամարտի մրցաշարում:

Ռիո-2016 Օլիմպիական խաղերի չեմպիոն, աշխարհի եռակի ու Եվրոպայի հնգակի չեմպիոն, Եվրոպական խաղերի հաղթող Արթուր Ալեքսանյանը 1/8 եզրափակիչում մրցեց Ղրղզստանի ներկայացուցիչ 25-ամյա Ուզուր Ջուժուպբեկովի հետ և հաղթեց 4:1 հաշվով:

Առաջին մրցափուլում Ուզուր Ջուժուպբեկովը հայտնվեց պարտերում, իսկ Արթուր Ալեքսանյանը գլորում կատարեց ու հաշիվը դարձրեց 3:0: Առաջին մրցափուլն ավարտվեց հայ ըմբիշի առավելությամբ:

Երկրորդ մրցափուլում Արթուր Ալեքսանյանը պարտերում հայտնվեց պասիվության համար և հաշիվը դարձավ 3:1, բայց մրցակցին չհաջողվեց միավոր վաստակել: Ուզուր Ջուժուպբեկովի մարզիչները բողոքարկեցին մրցավարի որոշումը, ինչից հետո հայ ըմբիշին ևս մեկ միավոր շնորհվեց մրցակցի սխալ վիճարկման համար: Վերջնամասում Հայաստանի ներկայացուցիչն աչքի ընկավ վստահ պաշտպանությամբ և հասավ հաղթանակի՝ 4:1:

Քառորդ եզրափակիչում Արթուր Ալեքսանյանը կմրցի ֆինն Արվի Սավոլայնենի հետ, որը 3:1 հաշվով հաղթեց կուբացի Գաբրիել Ռոսիլիոյին:

Օգոստոսի 2-ին Հայաստանի ներկայացուցիչներից պայքարի մեջ է մտել նաև Կարապետ Չալյանը (77 կգ), որը մեկնարկային գոտեմարտում 5:0 հաշվով հաղթել է ուզբեկ Յալգաշբայ Բերդիմուրատովին ու դուրս եկել քառորդ եզրափակիչ, որտեղ կմրցի ռուս Ալեքսանդր Չեխիրկինի հետ:

Հիշեցնենք, որ Տոկիո-2020-ի ըմբշամարտի մրցաշարում Հայաստանի հավաքականի առաջին ներկայացուցիչ Արմեն Մելիքյանն օգոստոսի 1-ին հաղթանակով մեկնարկելուց հետո պարտություն էր կրել քառորդ եզրափակիչում և լքել պայքարը:

Հունահռոմեական ոճի ըմբշամարտի մրցաշարում Հայաստանի վերջին ներկայացուցիչ Կարեն Ասլանյանը (67 կգ) պայքարի մեջ կմտնի օգոստոսի 3-ին:

Ազատ ոճի ըմբշամարտի մրցաշարում Հայաստանը կունենա 2 մասնակից՝ Արսեն Հարությունյանը (57 կգ) և Վազգեն Թևանյանը (65 կգ):

Արթուր Ալեքսանյան, հունահռոմեական ոճի ըմբշամարտ, 97 կգ քաշային կարգ

Ծնվել է 1991 թվականի հոկտեմբերի 21-ին Գյումրիում: Անձնական մարզիչը հայրն է՝ Գեւորգ Ալեքսանյանը:

Արթուր Ալեքսանյանը 2012թ., 2013 թ., 2014թ., 2018թ. եւ 2020 թվականների Եվրոպայի չեպիոն է, 2014թ., 2015թ. եւ 2017 թվականների աշխարհի չեմպիոն, 2012թ․ Լոնդոնի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, 2016թ․ Ռիոյի Օլիմպիական խաղերի չեմպիոն, Մինսկ-2019 Եվրոպական խաղերի չեմպիոն: 

Օլիմպիական ուղեգիրը նվաճել է 2019թ․ աշխարհի առաջնությունում։

2011-ից Հայաստանի լավագուն մարզիկների շարքում է, 4 անգամ գլխավորել է լավագույն տասնյակը: Արթուր Ալեքսանյանը 2012-ին պարգեւատրվել է Մովսես Խորենացու անվան մեդալով, 2014-ին՝ «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալով, 2015-ի սեպտեմբերի 16-ին Հայաստանի Անկախության տոնի առթիվ, ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի զարգացման գործում ներդրած ավանդի համար պարգեւատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի շքանշանով։

2016 թվականից Գյումրու եւ Երեւանի պատվավոր քաղաքացի է: 2019 թվականից ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի (ՅՈւՆԻՍԵՖ) դեսպան է:

Ամուսնացած չէ:

Տոկիո 2020-ը Արթուր Ալեքսանյանի երրորդ Օլիմպիական խաղերն է:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով

  • Լրահոս