14:07  ,  31 հուլիսի, 2021

Տոկիո-2020․ Նովակ Ջոկովիչը պարտվեց նաեւ բրոնզե մեդալի համար մրցախաղում (ֆոտո)

Աշխարհի առաջին ռակետ Նովակ Ջոկովիչը պարտություն կրեց Տոկիոյի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալի համար մրցախաղում։ Թենիսի տղամարդկանց մենախաղում սերբ թենիսիստը բրոնզե մեդալի համար մրցեց իսպանացի Պաբլո Կարենյո-Բուստայի հետ եւ պարտություն կրեց երեք սեթում՝ 4:6, 7:6 (8:6), 3:6։ Պայքարը տեւեց 2 ժամ եւ 49 րոպե։

Հիշեցնենք, որ կիսաեզրափակիչում Ջոկովիչը պարտվել էր Գերմանիան ներկայացնող Ալեքսանդր Զվերեւին, Կարենյո-Բուստան՝ ռուսաստանցի Կարեն Խաչանովին։

Մենախաղի եզրափակիչը տեղի կունենա օգոստոսի 1-ին եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով 11։00-ին։

34-ամյա Ջոկովիչը 2008թ․ Պեկինի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր է։ Տոկիոյում Ջոկովիչը սերբ Նինա Ստոյանովիչի հետ պետք է խաղար նաեւ խառը զույգերի բրոնզե մեդալի համար, սակայն հրաժարվել է։ Բրոնզե մեդալներն առանց պայքարի կստանա ավստրալացիներ Էշլի Բարթին ու Ջոն Փիրսը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով