10:28  ,  31 հուլիսի, 2021

Երեւանյան Tennis Europe Junior Tour-ը՝ Ռուսաստանի եւ Վրաստանի մարզիկների հաղթանակով (ֆոտո)

Երեւանի Incourt ակումբում անցկացվեց  Tennis Europe Junior Tour միջազգային մրցաշար, որը նվիրված էր Ալեքսանդր Ծատուրյանի հիշատակին:

Հուշամրցաշարին մասնակցում էր 9 երկրի 45 թենիսիստ՝ միչեւ 16 տարեկան աղջիկներ, տղաներ: Հայաստանը այս մրցաշարում ներկայացնում էին Էրիկ Տիրացվյանը, Միքայել Ավանեսյանը, Մարկոս Մկրտչանը, Սամվել Ավագյանը եւ Ավետիկ Ղազարյանը: Աղջիկների պայքարում հանդես եկան Մարիամ Ղազարյանը, Տաթեւիկ Բաբուրյանը Մարիա Գիքինյանը, Էմմա Վարդանյանը, Սոֆի Գիդաչյանը, Տաթեւիկ Մաղաքյանը:

Հուլիսի 30-ին տեղի են ունեցել աղջիկների եւ տղաների մենախաղերի եւ զուգախաղերի եզրափակիչները:

Մրցաշարի միջազգային white badge կարգի մրցավար Գրիգոր Դավթյանը NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ամփոփեց հուշամրցաշարն ու ներկայացրեց նաեւ հայ թենիսիստների արդյունքները Tennis Europe Junior Tour-ում:

«Tennis Europe Junior Tour-ն արդեն ավադույթ դարձած մրցաշար է մեզ մոտ: Սրանից առաջ անցկացրինք մինչեւ 18 տարեկանների աղջիկների եւ տղաների մրցաշարեր, որին ներկա էր նաեւ Ռուսաստանի թենիսի ֆեդերացիայի նախագահ Շամիլ Տարիպիշչեւը:

Tennis Europe 16 մրցաշարն այս տարի բավական ուժեղ էր: Ամբողջ մրցաշարը շատ լարված անցավ: 9 երկրից ներկայացուցիչներ ունեինք, այդ թվում՝ Ռուսաստան, Վրաստան, Ուկրաինա, Մեծ Բրիտանիա, Ավստրիա, Բելառուս, Իսրայել, Լատվի եւ Հայաստան:

Հատկապես թեժ պայքար գնաց տղաներից մենախաղի եզրափակիչում, որտեղ հաղթողի կոչման համար պայքարում էին Ռուսաստանի ներկայացուցիչ Իվան Գրեցկին եւ Վրաստանի ներկայացուցիչ Լուկա Ջանուաշվիլին: 2 ժամից ավել տեւած խաղում ուժեղ գտնվեց Ջանուաշվիլին:

Բարձր կարգի մրցաշար անցկացվեց, քանի որ այս տարիքային խմբում հանդես եկող Եվրոպայի բարձրակարգ թենիսիստներն էին մասնակցում: Տղաների հաղթող վրացի Ջանուաշվիլին , օրինակ, ապացուցեց, որ իր տարիքային խմբում նա իսկապես շատ ուժեղ է: Եզրափակիչում նա այլ մակարդակի թենիս ցուցադրեց:

Աղջիկների պայքարում հաղթող ճանաչվեց Ռուսաստանի ներկայացուցիչ Ռադա Զոլոտորյովան: Եզրափակիչում նա հաղթեց Բելառուսի ներկայացուցիչ Լիանա Խրաբավեցին»,- ասաց Գրիգոր Դավթյանը:

Ինչ վերաբերում է հայ թենիսիստների արդյունքներին, մրցավարի գնահատմամբ դրանք վատը չեն:   

«Հայ թենիսիստները վատ հանդես չեկան: Եզրափակիչների մասնակիցներ չունեցանք, բայց նրանց ընդհանուր արդյունքները վատը չեն: Հիմնականում մեկ շրջան հաղթահարեցին: Քառորդ եզրափակիչի մասնակիցներ էլ ունեցանք, բայց այս մրցաշարում հաղթողներ չունեցանք:

Էրիկ Տիրացվյանը առաջին շրջանում հաղթեց վրացի Դաչի Կանչելաշվիլիին (6:4, 3:6, 6:4), երկրորդ շրջանում պարտվեց եզրափակիչ դուրս եկած Իվան Գրեցկիին:

Միքայել Ավանեսյանը պայքարը սկսեց երկրորդ շրջանից եւ հաղթեց Իսրայելի ներկայացուցիչ Յոավ Գալին (6:2, 6:3): Երրորդ շրջանում պարտվեց ուկրաինացի Խլիբ Կովալենկոյին:

Մարկոս Մկրտչյանը նույնպես մեկ շրջան հաղթելուց հետո (6:4, 1:6, 7:5), երկրորդում պարտվեց Ավստրիայի ներկայացուցիչին:

Սամվել Ավագյանը, Ավետիկ Ղազարյանը մեկնարկային խաղերից դուրս մնացին:

Աղջիկների պայքարում առաջին շրջանը հաղթահարեց Տաթեւիկ Բաբուրյանը: Նրա մրցակիցը Ֆրանսիան ներկայացնող Մերի Ղազարյանն էր (6:3, 7:6): Երկրորդ շրջանից լքեց պայքարը:

Սոֆի Գիդաչյանը հաղթեց Իսրայելի ներկայացուցիչ Սոլ Ալֆի Ահարոնին (6:3, 6:2), հաջորդ շրջանում պարտվեց Ռուսաստանի ներկայացուցիչ Պոլինա Կրատյուկին:

Տաթեւի Մաղաքյանը մեկնարկեց երկրորդ շրջանից եւ հաղթեց Ռուսաստանի ներկայացուցիչ Վարվարա Ինոզեմցեւային (3:6, 6:4, 6:2): Երրորդ շրջանում պարտվեց եւ լքեց պայքարը:

Մարիամ Ղազարյանը, Մարիա Գիքինյանը, Էմմա Վարդանյանը պարտվեցին մեկնարկային խաղերից:

Հայաստանի ներկայացուցիչները նույն արդյունքները ցույց տվեցին նաեւ զուգախաղերում, մեկ-երկու շրջան անցնելուց հետո դուրս մնացին պայքարից: Այստեղ էլ եզրափակիչներ դուրս եկած զույգեր չունեցանք:

Զուգախաղերում տղաների պայքարում հաղթող ճանաչվեց Ռուսաստանը ներկայացնող Իվան Գրեցկի-Մաքսիմ Վլասով զույգը, աղջիկների պայքարում՝ կրկին Ռուսաստանը ներկայացնող Տատյանա Նովիկովա- Ռադա Զոլոտարյովա զույգը:

Թենիսում, մասնավորապես այս տարիքային խմբերում մրցաշարերի մասնակցության քանակն արդեն բարձրացնում է խաղամակարդակը: Գուցե թենիսիստը մի տարի հաջողության չհասնի մինչեւ 16-ում, հաջորդ տարի հաղթի 14-ում: Նման մրցաշարերի մասնակցությունով հայ թենիսիստների խաղամակարդակի աճ ենք գրանցում: Թենիսում տարիքային տատանումները շատ են, այս կոնտեքստում պարտությունը ոչինչ չի արտացոլում: Ամեն ինչ փոփոխական է, դեպի լավը:

Սա մինչեւ 16 տարեկանների մրցաշար էր, որտեղ ունեինք նաեւ 14 տարեկան խաղացողներ: Նրանք միայն մեկ շրջան հաղթահարեցին, իսկ իրենց տարիքի համար սա արդեն մեծ հաջողություն է: Մասնակցությունը վարկանիշային միավոր է, մեծ փորձ նաեւ մոտիվացիա նրանց հետեւից եկող երեխաների համար»,- մանրամասնեց Գրիգոր Դավթյանը:

Օգոստոսի 2-ից Incourt ակումբում կմեկնարկի Tennis Europe Junior Tour 14 մինչեւ 14 տարեկան տղաների եւ աղջիկների միջազգային մրցաշարը:

Լուսինե Շահբազյան

Ֆոտո՝ Էմմա Ասատրյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում