22:46  ,  30 հուլիսի, 2021

«Ռեալը», «Բարսելոնան» ու «Յուվենտուսը» շահել են դատը ՈւԵՖԱ-ի դեմ եւ հավատարիմ կմնան Սուպերլիգայի գաղափարին

Եվրոպական Սուպերլիգայի հիմնադիրներ «Ռեալը», «Բարսելոնան» եւ «Յուվենտուսը» շահել են դատը ՈւԵՖԱ-ի դեմ Մադրիդի եվրոպական դատարանում։ Այդ կապակցությամբ ակումբները հանդես են եկել համատեղ հայտարարությամբ։

«Ողջունում ենք այսօրվա դատական որոշումը, որը ՈւԵՖԱ-ին պարտադրում է անհապաղ չեղարկել գործողությունները, որոնք կազմակերպությունը կատարել է Եվրոպայի Սուպերլիգայի հիմնադիր ակումբների դեմ։ Կարգապահական վարույթները «Բարսելոնայի», «Ռեալի» եւ «Յուվենտուսի» դեմ անմիջապես պետք է կասեցվեն, մյուս 9-ը ակումբներից պետք է հանվեն բոլոր տուգանքներն ու կարգապահական տույժերը։

Դատարանն աջակցել է Սուպերլիգայի կազմակերպիչներին, իսկ ՈւԵՖԱ-ին զգուշացրել, որ որոշման չկատարումը կհանգեցնի ֆինանսական պատժամիջոցների եւ քրեական պատասխանատվությամբ։ Հաջորդ քայլը կլինի Լյուքսեմբուրգում Եվրոպական Միության դատարանում եվրոպական ֆուտբոլի նկատմամբ ՈւԵՖԱ-ի մենաշնորհային դիրքի քննարկումը։

Մենք պարտավոր ենք լուծել շատ լուրջ խնդիրներ, որոնք կան ֆուտբոլում։ ՈւԵՖԱ-ն հավակնում է եվրոպական ֆուտբոլի կարգավորիչի, օպերատորի, միակ սեփականատիրոջ եւ մենեջերի դիրքին։

Շահերի բախման պայմաններում այդ մենաշնորհը լուրջ վնաս է հասցնում ֆուտբոլին եւ մրցակցությանը։ Նախկինում բազմիցս ցույց ենք տվել, որ ՈւԵՖԱ-ի ֆինանսական վերահսկողությունը ադեկվատ չէ եւ սուբյեկտիվ է։ Եվրոպական մրցումների մասնակցող ակումբներն իրավունք ունեն կառավարել այդ մրցաշարերը։

Մենք ուրախ ենք, որ դատարանի որոշման շնորհիվ ապագայում չենք ենթարկվի մշտական սպառնալիքների ՈւԵՖԱ-ի կողմից։ Մենք հավատարիմ ենք Սուպերլիգայի նախագծի զարգացմանը՝ հաշվի առնելով ակումբների երկրպագուների, ֆուտբոլիստների, մարզիչների, ազգային լիգաների եւ ֆեդերացիաների, միջազգային ասոցիացիաների եւ ֆեդերացիաների կարծիքները։ Մենք հավատում ենք նախագծի հաջողությանը։ Այն միշտ կհամապատասխանի Եվրամիության օրենքներին»,- նշվում է երեք ակումբների հայտարարությունում։

Սուպերլիգան պետք է մեկնարկեր այս տարվա օգոստոսին։ Սուպերլիգայի նախագծից դուրս չեն եկել Մադրիդի «Ռեալը», «Բարսելոնան» եւ Թուրինի «Յուվենտուսը»։ 12 հիմնադիր ակումբներից («Միլան», «Ինտեր», «Յուվենտուս»,  «Բարսելոնա», «Ռեալ», «Աթլետիկո», «Արսենալ», «Մանչեսթեր Սիթի», «Լիվերպուլ», «Տոտենհեմ», «Չելսի», «Մանչեսթեր Յունայթեդ») 9–ը ազգային ֆեդերացիաների, ակումբների երկրպագուների եւ ՖԻՖԱ–ի ու ՈւԵՖԱ–ի ճնշման տակ հրաժարվեցին նախագծից։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English