16:05  ,  30 հուլիսի, 2021

Արթուր Բարսեղյանը՝ Տոկիոյից. Լարվածությունը խանգարեց ինձ

50 մետր ազատ ոճում շատ վատ լողացի, իմ լավագույն արդյունքից էլ՝ ցածր։ Երեւի, լարվածությունով էր պայմանավորված այս վատ արդյունքը։

Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում Տոկիոյից ասաց լողորդ Արթուր Բարսեղյանն՝ ամփոփելով երկրորդ մրցելույթը Տոկիո-2020 Օլիմպիական խաղերում։

Հուլիսի 30-ին 19-ամյա լողորդը մասնակցեց 50 մետր ազատ ոճի մրցմանը, որտեղ գրանցեց 23.14 վայրկյան արդյունք և չկարողացավ հաղթահարել որակավորման փուլի արգելքը: 5-րդ լողահերթում Արթուր Բարսեղյանը գրավեց երրորդ տեղը: Ընդհանուր հաշվարկում Հայաստանի ներկայացուցիչը 73 լողորդների մեջ 43-րդն էր: Կիսաեզրափակիչի ուղեգիր նվաճեցին 1-16-րդ տեղ գրաված մասնակիցները:

«Շատ վատ լողացի 50 մետր ազատ ոճում։ Իմ լավագույն արդյունքը եղել է 22.69 վայրկյան, իսկ այստեղ ես գրանցեցի 23.14 վայրկյան։ Կարծում եմ՝ լարվածությունն ինձ խանգարեց, որ նույնիսկ իմ լավագույն արդյունքը չբարելավեցի»,- ասաց Արթուր Բարսեղյանը։

Տոկիո-2020-ում Արթուր Բարսեղյանը հուլիսի 27-ին մասնակցել էր նաև 100 մետր ազատ ոճի մրցմանը, որտեղ չէր կարողացել հաղթահարել որակավորման փուլի արգելքը և 70 մասնակիցների մեջ 38-րդ տեղն էր գրավել 49.78 վայրկյան արդյունքով:

«Ընդհանուր մասնակցությունս Օլիմպիական խաղերում գնահատում եմ լավ։ Շատ մեծ փորձ ձեռք բերեցի։ Հետաքրքիր էր, լուրջ փորձություն, մեծ մրցում էր, ուժեղ մրցակցություն կար։ Այս ամենն ինձ կօգնի հետագայում ավելի լավ մասնակցություն ունենալ կարեւորագույն մրցաշարերում։ Այն փորձը, որ ձեռք բերեցի Տոկիո-2020-ում, արդեն առաջիկա ամիսներին կայանալիք մրցաշարերում, կարծում եմ՝ կարտացոլվի։ Տոկիոյի Օլիմպիական խաղերը շատ հետաքրքիր են, լի անմոռանալի զգացողություններով, շատ նոր ծանոթություններով։ Լավ տպավորություններով եմ վերադառնում Օլիմպիական խաղերից»,- մանրամասնեց Արթուր Բարսեղյանը։

Հիշեցնենք, որ Տոկիո-2020-ի լողի մրցաշարում Հայաստանի մյուս ներկայացուցիչ Վարսենիկ Մանուչարյանը 100 մետր ազատ ոճում 45-րդ տեղն էր զբաղեցրել 51 մասնակիցների մեջ:

Հայ լողորդներն ավարտեցին ելույթները Տոկիոյի Օլիմպիական խաղերում:

Լուսինե Շահբազյան

Ֆոտո՝ Getty Images / olympics.com

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով