15:15  ,  30 հուլիսի, 2021

Տոկիո-2020. Ճապոնիայի ռեկորդն ու ձյուդոյի մրցաշարի վերջին չեմպիոնները (ֆոտո)

Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոյում ընթացող 32-րդ ամառային Օլիմպիական խաղերում հուլիսի 30-ին վիճարկվեցին ձյուդոյի մրցաշարի վերջին մեդալներն անհատական պայքարում:

Տղամարդկանց +100 կգ քաշային կարգում հաղթեց չեխ Լուկաշ Կրպալեկը, որը եզրափակիչում ուժեղ գտնվեց Վրաստանի ներկայացուցիչ Գուրամ Տուշիշվիլիից ու դարձավ կրկնակի օլիմպիական չեմպիոն: Բրոնզե մեդալակիր դարձան ռուսաստանցի Տամերլան Բաշաևն ու ֆրանսիացի Տեդի Ռինյերը:

Կանանց +78 կգ քաշային կարգում օլիմպիական չեմպիոն դարձավ Ճապոնիայի ներկայացուցիչ Ակիրա Սոնեն: Եզրափակիչում ճապոնուհին հաղթեց կուբացի Իդալիս Օրտիսին: Բրոնզե մեդալի արժանացան ֆրանսիացի Ռոմեն Դիկոն ու Ադրբեջանի ներկայացուցիչ, ուկրաինացի Իրինա Կինձերսկայան:

Ճապոնիայի ներկայացուցիչները Տոկիո-2020-ի ձյուդոյի մրաշարում ոսկե մեդալների թիվը հասցրին 9-ի և սահմանեցին ռեկորդ: Նախորդ օլիմպիական ռեկորդը ևս պատկանում էր ճապոնացիներին (8 ոսկե մեդալ):

Տոկիո-2020-ի ձյուդոյի մրաշարը հուլիսի 31-ին կավարտվի թիմային միկստ մրցաձևով:

Հիշեցնենք, որ Օլիմպիական խաղերի ձյուդոյի մրցաշարում Հայաստանի միակ ներկայացուցիչ Ֆերդինանդ Կարապետյանը (73 կգ) հուլիսի 26-ին պարտություն էր կրել մեկնարկային գոտեմարտում և լքել պայքարը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով

  • Լրահոս