11:17  ,  30 հուլիսի, 2021

Տոկիո-2020. Աշխարհի ու օլիմպիական ռեկորդներ՝ լողի մրցաշարի չեմպիոններից (ֆոտո)

Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոյում անցկացվող 32-րդ ամառային Օլիմպիական խաղերում հուլիսի 30-ին նախատեսված լողի մրցման 4 եզրափակիչներն ավարտվել են:

Տղամարդկանց թիկնալողի 200 մետրում օլիմպիական ռեկորդով հաղթել է ռուս Եվգենի Ռիլովը, որը գրանցել է 1:53.27 արդյունք: Երկրորդ տեղը գրավել է ամերիկացի Ռայան Մերֆին (1:54,15), բրոնզե մեդալակիր է դարձել բրիտանացի Լյուկ Գրինբեկը (1:54,72):

Տոկիո-2020-ում Եվգենի Ռիլովը ոսկե մեդալակիր էր դարձել նաև թիկնալողի 100 մետրում:

Տղամարդկանց համալիր լողի 200 մետրում օլիմպիական չեմպիոն է դարձել չինացի Վան Շունը, որը տարածությունը հաղթահարել է 1 րոպե 55 վայրկյանում: Արծաթե մեդալակիր է դարձել բրիտանացի Դանկան Սքոթը (1.55.28), իսկ լավագույն եռյակը եզրափակել է շվեյցարացի Ժերեմի Դեպլանշը (1.56.17):

Կանանց 200 մետր բրասի մրցումն ավարտվեց Հարավային Աֆրիկայի ներկայացուցիչ Տատյանա Սհունմակերի հաղթանակով: Նա սահմանեց համաշխարհային ռեկորդ (2:18,95): Երկրորդ և երրորդ տեղերում հայտնվեցին ամերիկուհիներ Լիլի Քինգը (2:19,92) և Աննի Լեյզորը (2:20,84):

Կանանց 100 մետր ազատ ոճի չեմպիոնի տիտղոսը նվաճեց ավստրալուհի Էմմա Մաքենոնը: Եզրափակիչում 27-ամյա մարզուհին գրանցեց 51,96 վայրկյան արդյունք՝ սահմանելով օլիմպիական ռեկորդ: Արծաթե մեդալը բաժին հասավ հոնկոնգցի Շիվեն Հոգիին (52,27), իսկ բրոնզե մեդալը՝ ավստրալուհի Կեյթ Քեմպբելին (52.52):

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում