07:40  ,  29 հուլիսի, 2021

Արման Դարչինյանը՝ Տոկիոյից․ Դժվար մենամարտ էր, ուրախ եմ, որ հաղթեցի

Դժվար մենամարտ էր, ուրախ եմ, որ հաղթեցի: Այսպես NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում Տոկիոյից մեկնաբանեց հաղթանակը Արման Դարչինյանը:

Հայաստանի ներկայացուցիչ Արման Դարչինյանը (75 կգ) գեղեցիկ հաղթանակով մեկնարկեց Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոյում շարունակվող 32-րդ ամառային Օլիմպիական խաղերի բռնցքամարտի մրցաշարում:

75 կգ քաշային կարգի 1/8 եզրափակիչում վանաձորցի մարզիկը մենամարտեց Եվրոպական խաղերի փոխչեմպիոն, երիտասարդների Եվրոպայի չեմպիոն, 23-ամյա սլովակ Անդրեյ Շեմեզի հետ։

«Դժվար մենամարտ էր: Մրցակիցս լավն էր, ուժեղ էր, Եվրոպական խաղերի մրցանակակիր: Մենամարտիս տակտիկան պլանավորած էր: Հենց սկզբից պետք է պրեսինգի դիմեի

Սկզբում մի փոքր քիչ հարված արեցի, չէր ստացվում: Երկրորդ ռաունդից արդեն ամեն ինչ ստացվեց: Ուրախ եմ, որ հաղթեցի։

Լարված չէի այն մտքից, որ Օլիմպիական խաղերում եմ պայքարում: Աշխատել եմ՝ մտքիցս հանել եւ չմտածել, որ օլիմպիական ռինգն է»,- ասաց Արման Դարչինյանը:

Քիչ առաջ Տոկիոյում անցկացված մենամարտում առաջին ռաունդում մրցավարներն առավելություն տվեցին սլովակ բռնցքամարտիկին։ Երկրորդ ռաունդում առավելություն ուներ Արման Դարչինյանը, որն էլ ստացավ միավորներով հաղթանակը։ Սլովակ բռնցքամարտիկը անընդհատ բռնում էր Արման Դարչինյանին եւ թույլ չէր զարգացնել գրոհը: Երրորդ ռաունդում ռինգի մրցավարը մեկ միավոր հանեց սլովակ բռնցքամարտիկից անդադար բռնցվածք անելու համար: Վճռական ռաունդում հսկայական էր հայ բռնցքմարտիկի առավելությունը։ Նա հաղթեց ընդհանուր 5։0 հաշվով։

Քառորդ եզրափակիչում Արման Դարչինյանի մրցակիցը կլինի ֆիլիպինցի Էումիր Մարցիալին: Մենամարտը տեղի կունենա օգոստոսի 1–ին, 07:36-ին:

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով