22:52  ,  28 հուլիսի, 2021

Չեմպիոնների լիգա․ «Ալաշկերտը» դուրս մնաց պայքարից

Չեմպիոնների լիգայի որակավորման երկրորդ փուլի պատասխան խաղում Հայաստանի չեմպիոն «Ալաշկերտը» Տիրասպոլում մրցեց մոլդովական «Շերիֆի» հետ եւ պարտություն կրեց 1։3 հաշվով՝ ավարտելով պայքարն այս մրցաշարում։

Առաջինն արդեն 10 րոպեին հաջողության հասավ «Ալաշկերտը»։ Աչքի ընկավ բոսնիացի հարձակվող Ալեքսանդր Գլիշիչը։

«Շերիֆը» 15-րդ եւ 23-րդ րոպեներին գոլ խփեց՝ առաջ անցնելով հաշվի մեջ։ Պերուացի պաշտպան Գուստավո Դուլանտոն եւ բրազիլացի պաշտպան Լուվանոր Էնրիկեն գրավեցին սերբ Օգնյեն Չանչարեւիչի պաշտպանած դարպասը։

Երկրորդ խաղակեսի վերջին րոպեներին դաշտի տերերի երրորդ գոլը խփեց լյուքսեմբուրգցի կիսապաշտպան Սեբաստիեն Տիլը, որն արդյունավետ իրացրեց 11 մետրանոցը։

Երեւանում տեղի ունեցած առաջին խաղում 1։0 հաշվով հաղթել էր մոլդովական թիմը։

«Ալաշկերտը» պայքարը կշարունակի Եվրոպայի լիգայի որակավորման երրորդ փուլում, որտեղ կմրցի ՉԼ-ի «Կայրաթ» - «Ցրվենա Զվեզդա» զույգի պարտվողի հետ:

Հիշեցնենք, որ Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլում «Ալաշկերտը» 2 խաղերի արդյունքում հաղթել է Ուելսի չեմպիոն «Կոնաս Կի Նոմադսին» (2:2, 1:0), իսկ «Շերիֆը» պայքարից դուրս է թողել ալբանական «Տեուտային» (4:0, 1:0):

Չեմպիոնների լիգա, որակավորման երկրորդ փուլ, պատասխան խաղ

«Շերիֆ» - «Ալաշկերտ»՝ 3։1 (առաջին խաղ՝ 1։0)

Գուստավո Դուլանտո, 15, Լուվանոր Էնրիկե, 23, Սեբաստիեն Տիլ, 87, 11մ - Ալեքսանդր Գլիշիչ, 10 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում