15:47  ,  27 հուլիսի, 2021

Երևանում կանցկացվեն Կոնֆերենցիաների լիգայի 2 հանդիպումներ

Երևանում հուլիսի 29-ին կկայանան ՈւԵՖԱ-ի նորաստեղծ մրցաշար Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլի 2 պատասխան հանդիպումներ, որոնց մրցավարների տեսուչները կլինեն Հայաստանից, hաղորդում է ՀՖՖ մամուլի ծառայությունը:

Ղազախստանի և Բելառուսի ֆուտբոլի ֆեդերացիաները դիմել են Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիային՝ խնդրելով իրենց ակումբների մասնակցությամբ հանդիպումներն անցկացնել Երևանում:

Հուլիսի 29-ին՝ ժամը 17:00-ին, Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում տեղի կունենա «Շախտյոր Կարագանդա» (Ղազախստան) - «Ստյաուա» (Ռումինիա) պատասխան հանդիպումը, որի մրցավարների տեսուչը կլինի ՀՖՖ տեսուչ Գևորգ Հովհաննիսյանը:

Հուլիսի 29-ին՝ ժամը 20:00-ին, ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/Ֆուտբոլի ակադեմիայում կանցկացվի «Դինամո Բրեստ» (Բելառուս) - «Վիկտորիա Պլզեն» (Չեխիա) հանդիպումը, որի մրցավարների տեսուչ է նշանակվել ՀՖՖ տեսուչ Կարեն Նալբանդյանը:

Երկու հանդիպումներն էլ կանցկացվեն առանց հանդիսականների: Մեդիայի ներկայացուցիչները ևս չեն կարողանա ներկա լինել խաղերին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում