23:45  ,  26 հուլիսի, 2021

Հայաստանի թիմի գլխավոր մարզիչ. Արթուր Բարսեղյանից եւ Վարսենիկ Մանուչարյանից Հայաստանի ռեկորդներ ենք ակնկալում Տոկիո-2020-ում

Հայաստանի թիմի գլխավոր մարզիչ. Արթուր Բարսեղյանից եւ Վարսենիկ Մանուչարյանից Հայաստանի ռեկորդներ ենք ակնկալում Տոկիո-2020-ում

Արթուր Բարսեղյանին եւ Վարսենիկ Մանուչարյանին հաջողություն եմ մաղթում Տոկիո-2020-ում: Մեդալի մասին խոսք լինել չի կարող:  Հույս ունենք, որ լավ արդյունքներով եւ Հայաստանի ռեկորդներով կվերադառնան:

Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց լողի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Միսակ Գաբրիելյանը:

Հուլիսի  27-ին Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոյում լողի տղամարդկանց մրցաշարում պայքարի մեջ կմտնի Հայաստանի ներկայացուցիչ Արթուր Բարսեղյանը: Լողորդն ուղեգիրը նվաճել է 2019 թվականի պատանիների աշխարհի առաջնությունում օլիմպիական B կարգ լրացնելով:

Հավաքականի գլխավոր մարզիչ Միսակ Գաբրիելյանը Հայաստանից է հետեւելու Արթուր Բարսեղյանի եւ Վարսենիկ Մանուչարյանի մրցելույթներին Տոկիո-2020-ում:

 «Հաճելի է ամեն Օլիմպիական խաղերում ունենալ մասնակիցներ։ Արդեն չեմ հիշում, թե քանի սան եմ ունեցել տարբեր Օլիմպիական խաղերում։  Այս Խաղերում հանդես են գալու Կարեն Բարսեղյանի սան Վարսենիկ Մանուչարյանը եւ Արման Վահանյանի սան Արթուր Բարսեղյանը: Ինքս հիմնականում աշխատել եմ Վարսենիկի հետ, որը Տոկիոյում կմասնակցի սպիտակ քարտով: Շատ կուզեինք, որ նա ոչ թե սպիտակ քարտով մասնակցեր, այլ նվաճեր մասնակցության իրավունք: Այնպես դասավորվեց, երեւի կորոնավիրուսով պայմանավորված  դադարն ազդեցությունն ունեցավ նրա արդյունքների վրա եւ օլիմպիական կարգ չկարողացավ լրացնել»,- ասաց Միսակ Գաբրիելյանը։

Հավաքականի գլխավոր մարզիչը լողորդներից սպասելիքներ ունի:

«Սպասելիքներն արդյունքների բարելավումն է: Հուսանք, մեր երկու օլիմպիականներն էլ լավ մասնակցություն կունենան, կբարելավեն իրենց արդյունքները, Հայաստանի ռեկորդներ կսահմանեն:

Արթուր Բարսեղյանը մեծ ներուժ ունի: Պայքարող տեսակ է: Արթուրի մեջ ամեն ինչ կա: Մեկնարկին կանգնեց, անմիջապես հավաքվում է: Պատահական չէր, որ Բուլղարիայի բաց առաջնությունում չեմպիոն դարձավ, նաեւ արծաթե ու բրոնզե մեդալներ նվաճեց տարբեր տարածություններում: Հուսանք՝ նույն լավ արդյունքները ցույց կտա նաեւ Տոկիոյի Օլիմպիական խաղերում:

Վարսենիկ Մանուչարյանը շատ սպորտային աղջիկ է, ճկուն, ձգտումով: Վոլեյբոլի էր գնում: Մարզիչն այնտեղից էր կանչում, լողի մարզիչն՝ այստեղից: Աշխարհի առաջնությունից առաջ վոլեյբոլի մարզիչի հետ խոսեցի, ասացի, որ չենք կարող մարզումներից հանել, որ մասնակցի Վանաձորում մրցաշարի: Այդպես կենտրոնացավ լողի վրա: Վարսենիկն ուժեղ է, լավ մարզական տվյալներով, բայց այն արդյունքները, որ սպասում ենք նրանից, դեռ չենք ստացել»,- նշեց գլխավոր մարզիչը:

Միսակ Գաբրիելյանն անկեղծանում է, որ խոշոր մրցաշարերում լողորդներից դեռ մեդալային հույսեր չկան, քանի դեռ միջազգային մրցաշարերում մեկնարկների պակաս կա:

«Մեր ակնկալիքները դեռեւս արդյունքների բարելավումն է, Հայաստանի ռեկորդները: Այսպիսի խոշոր մրցաշարերում դեռ բավարարվում ենք լավ մասնակցությամբ: Օրինակ՝ պատանեկան օլիմպիական փառատոնում Արթուր Բարսեղյանից մեդալ էինք սպասում: Նա դուրս եկավ եզրափակիչ, բայց մրցանակային տեղ չզբաղեցրեց: Շատ մոտ էր եւ լավ մասնակցեց:

Մեծահասակների Օլիմպիական խաղերում ակնկալում ենք լավ մասնակցության: Ֆեդերացիայի նախագահի, ֆեդերացիայի աշխատանքի եւ մեր մարզչական կազմի շնորհիվ կգա ժամանակը, որ հայտ կներկայացնենք նաեւ արդեն մրցանակային տեղերի համար: Մենք այժմ լողավազանի, ջրի խնդիր չունենք: Մեզ պակասում են միայն միջազգային մրցաշարերը: Նախկինում շատ էինք մասնակցում, հիմա համեմատաբար քիչ, իսկ միայն ներքին մրցումներով միջազգային մրցաշարերում կդժվարանանք մրցունակ լինել: Մեր մարզիչները հիանալի են աշխատում: Բոլորի նպատակը բարձր արդյունքներ գրանցելն է, լողորդներին մարզական հաջողությունների հասցնելը:

Կարող եմ փաստել, որ հայկական լողում առաջընթաց կա: Մնում է տարվա ընթացքում միջազգային մեկնարկների քանակն ավելանա: Ֆեդերացիայի նախագահ Հովսեփ Մեսրոպյանը խոստացել է, որ տարվա ընթացքում միջազգային մրցաշարերի քանակը հնարավորինս կավելանա, փորձի պակասի խնդիրն այդկերպ կլուծենք:

Արթուրին եւ Վարսենիկին հաջողություն եմ մաղթում: Մեդալի մասին խոսք լինել չի կարող:  Հույս ունենք, որ լավ արդյունքներով եւ Հայաստանի ռեկորդներով կվերադառնան»,- մանրամասնեց Միսակ Գաբրիելյանը:

Հուլիսի 27-ին լողի տղամարդկանց մրցաշարում Հայաստանի միակ ներկայացուցիչ Արթուր Բարսեղյանը հանդես կգա ազատ ոճի 100 մետրում։ Մեկնարկները նախատեսված են Երեւանի ժամանակով 14։00-14։23-ին։

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում