18:10  ,  25 հուլիսի, 2021

2021թ․ Գերմանիայի լավագույն ֆուտբոլիստն ու մարզիչը

Մյունխենի «Բավարիայի» լեհ հարձակվող Ռոբերտ Լեւանդովսկին ճանաչվել է 2021թ․ Գերմանիայի լավագույն ֆուտբոլիստ՝ այդ երկրի մարզական լրագրողների ասոցիացիայի անդամների վարկածով։ Հարցումն անցկացրել է գերմանական Kicker պարբերականը։

Լեւանդովսկին ստացել է 563 ձայնից 356-ը։ Երկրորդ տեղում է «Բավարիայի» գերմանացի հարձակվող Թոմաս Մյուլերը (41 ձայն), երրորդը Դորտմունդի «Բորուսիայի» նորվեգացի հարձակվող Էրլինգ Հոլանդն է (38 ձայն)։ Բունդեսլիգայի անցած մրցաշրջանում Լեւանդովսկին 29 խաղում է խփել 41 գոլ։

Գերմանիայի չեմպիոնի եւ աշխարհի ակումբային չեմպիոնի կոչումը նվաճած «Բավարիայի» արդեն նախկին գլխավոր մարզիչ, գերմանացի Հանս-Դիտեր Ֆլիկն էլ 118 ձայնով երկրորդ տեղն է գրավել լավագույն մարզիչի հարցման արդյունքում։

Առաջինը Լոնդոնի «Չելսիի» գերմանացի գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելն է (129 ձայն), որն անգլիական թիմի հետ նվաճել է Չեմպիոնների լիգայի գավաթը։ Երրորդը Դորտմունդի «Բորուսիայի» գերմանացի գլխավոր մարզիչ Էդին Տերզիչն է՝ 75 ձայն։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում