Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը պատմել է, թե ինչու է որոշել երկարաձգել իտալական «Ռոմայի» հետ պայմանագիրն ու անդրադարձել է թիմի նորանշանակ գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյին, որի հետ նախկինում աշխատել է անգլիական «Մանչեսթեր Յունայթեդում»:
«Մնացի «Ռոմայում», որովհետև հավատում էի ակումբի ծրագրերին: Առաջին օրից ինձ դուր են եկել այս ակումբն ու քաղաքը: Երկարաձգեցի պայմանագիրը, քանի որ կարծում եմ, որ այս տարի մեզ մոտ ամեն բան կստացվի:
Ես լավ գիտեմ Ժոզե Մոուրինյոյին և այն, թե ինչ է նա պահանջում խաղացողներից: Ես պատրաստ եմ այդ ամենին: Նա շատ ամբիցիոզ է և միշտ ձգտում է հաղթել: Նրան հետաքրքրում է ոչ թե գեղեցիկ խաղը, այլ 3 միավորը յուրաքանչյուր խաղում: Նա գրեթե ամեն բան հաղթել է, և ես հույս ունեմ, որ կկարողանա հաջողության հասնել նաև այստեղ: Մոուրինյոն մարզիչ է, որն առավելություն է տալիս թիմին:
Չեմ ցանկանում խոսել այն մասին, թե ինչ է եղել անցյալում: Մենք զրուցել ենք ու սկսել զրոյից»,- 32-ամյա ֆուտբոլիստի խոսքը մեջբերում է Sky Sport Italia-ն:
Հենրիխ Մխիթարյանը նաև նշել է 3 ամենաուժեղ ֆուտբոլիստներին, որոնց հետ խաղացել է նույն թիմում:
«Առաջին տեղում Զլատան Իբրահիմովիչն է: Նրա կարգն ու ֆուտբոլային ինտելեկտն աներևակայելի է: Երկրորդը Պոլ Պոգբան է: Նա ուժեղ խաղացող է, որին հաճախ թերագնահատում են: Երրորդը կնշեմ Պյեր-Էմերիկ Օբամեյանգին: Մենք միասին խաղացել ենք «Բորուսիայում» ու «Արսենալում» և հիանալի ենք հասկանում իրար»,- ասել է Մխիթարյանը:
Հիշեցնենք, որ վերջերս Մխիթարյանը մեկ տարով երկարաձգել էր «Ռոմայի» հետ գործող պայմանագիրը, որը նախատեսված էր մինչև այս տարվա հունիսի 30-ը:
Հայ կիսապաշտպանը Ժոզե Մոուրինյոյի գլխավորությամբ «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում խաղացել է 18 ամիս (2016-2018-ը) և նվաճել 3 տիտղոս, այդ թվում՝ 2017-ին դառնալով Եվրոպայի լիգայի հաղթող:
Մխիթարյանը 2020 թվականի սեպտեմբերին Լոնդոնի «Արսենալից» է տեղափոխվել «Ռոմա», որի կազմում Իտալիայի ավարտված առաջնությունում մասնակցել է 34 խաղի և դարձել 13 գոլի ու 11 գոլային փոխանցման հեղինակ: Նա «Ռոմայի» լավագույն ռմբարկուն էր նախորդ մրցաշրջանում:
Հայաստանի հավաքականի ավագը նախկինում հանդես է եկել նաև Երևանի «Փյունիկում» (2006-2009), Դոնեցկի «Մետալուրգում» (2009-2010), Դոնեցկի «Շախտյորում» (2010-2013), Դորտմունդի «Բորուսիայում» (2013-2016) և անգլիական «Մանչեսթեր Յունայթեդում» (2016-2018):
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում