10:30  ,  24 հուլիսի, 2021

Տոկիո-2020. Արթուր Դավթյանը մեկնարկեց փայլուն ելույթով (ֆոտո)

Արթուր Դավթյանը փայլուն մասնակցությամբ մեկնարկեց Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոյում ընթացող 32-րդ ամառային Օլիմպիական խաղերի սպորտային մարմնամարզության մրցաշարում: Հենացատկի որակավորման փուլում Եվրոպայի եւ Եվրոպական խաղերի չեմպիոնը բարձր միավորներ վաստակեց:

Իր հիմնական մրցաձեւում երկու ցատկերի հանրագումարում Արթուր Դավթյանը հավաքեց 14.866 միավոր և ընթացիկ առաջատարն է: Առաջին ցատկի վերջնամասում նա փոքր հետ քայլ արեց եւ վաստակեց 14.733 միավոր: Դավթյանը փայլուն կատարեց երկրորդ ցատկը եւ վստահ ու մաքուր ավարտեց վերջնամասը՝ առանց որեւէ քայլ կատարելու: Երկրորդ ցատկի համար հայ մարմնամարզիկը վաստակեց 15.000 միավոր:

Հենացատկի վարժության վերջնական արդյունքները հայտնի կդառնան որակավորման փուլի ավարտից հետո: Քիչ անց տեղի կունենա նժույգ թափեր վարժության որակավորման փուլը, որին ևս կմասնակցի Արթուր Դավթյանը:

Հենացատկի մրցաշարի եզրափակիչը տեղի կունենա օգոստոսի 2-ին:

Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանը մրցավարական կազմում սպասարկում է Օլիմպիական խաղերի նժույգ թափեր վարժությունը որպես ռեֆերանս՝ մրցավարական կազմի վերահսկող: 
Հիշեցնենք, որ Տոկիո-2020-ում Հայաստանը 17 ներկայացուցիչ ունի 8 մարզաձևերում
 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում