22:30  ,  23 հուլիսի, 2021

Տոկիո-2020․ Արթուր Դավթյանի վերջին մարզումը մեկնարկից առաջ (ֆոտո, վիդեո)

Տոկիոյի Օլիմպիական խաղերում սպորտային մարմնամարզության մրցաշարում Հայաստանի միակ ներկայացուցիչ Արթուր Դավթյանը վերջին մարզումն է անցկացրել մրցումային օրվանից առաջ:

Եվրոպայի եւ Եվրոպական խաղերի չեմպիոնը վերջին մարզումից հատված է տրամադրել NEWS.am SportՕլիմպիական VLOG-ին:

Մեկնարկից առաջ Արթուր Դավթյանին տեսազանգով աջակցել եւ որակավորման փուլում հաջողություն է մաղթել եռակի օլիմպիական չեմպիոն, աշխարհի քառակի եւ Եվրոպայի կրկնակի չեմպիոն Ալբերտ Ազարյանը։

Հիշեցնենք, որ Արթուր Դավթյանը Տոկիոյում մրցահարթակ դուրս կգա հուլիսի 24-ին: Սպորտային մարմնամարզության որակավորման փուլը կմեկնարկի Երեւանի ժամանակով 05:00-ից: Արթուր Դավթյանը կմասնակցի երկրորդ մրցահերթում, որը մեկնարելու է Երեւանի ժամանակով 09:25-ին: Արթուր Դավթյանը մասնակցելու է հենացատկի եւ նժույգ թափեր վարժության որակավորման փուլին: Նրան մրցահարթակում կօգնի հավաքականի մարզիչ Հայկ Նազարյանը։

Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանը մրցավարական կազմում սպասարկելու է Օլիմպիական խաղերը: Ի դեպ, Հակոբ Սերբոյանը հուլիսի 24-ին լինելու է նժույգ թափեր վարժության ռեֆերանս՝ մրցավարական կազմի վերահսկող: Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչը վերահսկելու է մրցավարների նշանակած միավորները եւ սխալ գնահատականների դեպքում միջամտելու հնարավորություն ունի:

Արթուր Դավթյան, սպորտային մարմնամարզություն, հենացատկ եւ նժույգ թափեր

Ծնվել է 1992 թվականի օգոստոսի 8-ին Երեւանում։

Անձնական մարզիչը սպորտային մարմնամարզության Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանն է։

Ամուսնացած է, ունի 2-ամյա դուստր։

Արթուր Դավթյանը 2010 թ. պատանիների Եվրոպայի չեմպիոն է, 2012 թ. աշխարհի գավաթի արծաթե մեդալակիր, 2013 թ. Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր, 2013 թ. աշխարհի գավաթի բրոնզե մեդալակիր, 2016 թ.Եվրոպայի փոխչեմպիոն, 2019 թ. Եվրոպական խաղերի չեմպիոն, 2021 թ. Եվրոպայի չեմպիոն։

Մասնակցել է Լոնդոն-2012-ի եւ Ռիո-2016-ի Օլիմպիական խաղերին:

Տոկիո-2020-ի օլիմպիական ուղեգիրը նվաճել է 2019 թվականի հոկտեմբերի 8-ին Շտուտգարտում անցկացված աշխարհի առաջնությունում։

Լուսինե Շահբազյան 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով