14:19  ,  19 հուլիսի, 2021

Չեմպիոնների լիգա. «Ալաշկերտ» - «Շերիֆ» զույգի հաղթողի հաջորդ մրցակիցը

Շվեյցարական Նիոնում տեղի է ունեցել Չեմպիոնների լիգայի որակավորման երրորդ փուլի վիճակահանությունը:

Հայաստանի նորընծա չեմպիոն Երևանի «Ալաշկերտը» մոլդովական «Շերիֆի» արգելքը հաղթահարելու դեպքում կմրցի «Կայրաթ» (Ղազախստան) - «Ցրվենա Զվեզդա» (Սերբիա) զույգի հաղթողի հետ: Ղազախական ակումբի կազմում հանդես է գալիս Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Կամո Հովհաննիսյանը: 

Չեմպիոնների լիգայի որակավորման երրորդ փուլի առաջին խաղերը տեղի կունենան օգոստոսի 3-ին և 4-ին, իսկ պատասխան հանդիպումերը՝ օգոստոսի 10-ին:

«Ալաշկերտի» ու «Շերիֆի» միջև առաջին հանդիպումը կանցկացվի հուլիսի 20-ին Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում և կսկսվի ժամը 19:00-ին: Այդ զույգի պարտվողը պայքարը կշարունակի Եվրոպայի լիգայի որակավորման երրորդ փուլում, որտեղ կմրցի «Կայրաթ» - «Ցրվենա Զվեզդա» զույգի պարտվողի հետ:

Հիշեցնենք, որ Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլում «Ալաշկերտը» 2 խաղերի արդյունքում հաղթել է Ուելսի չեմպիոն «Կոնաս Կի Նոմադսին» (2:2, 1:0), իսկ «Շերիֆը» պայքարից դուրս է թողել ալբանական «Տեուտային» (4:0, 1:0):

Ֆոտո՝ ՀՖՖ

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս