13:09  ,  15 հուլիսի, 2021

«Գանձասարը» հանդես կգա Առաջին խմբի առաջնությունում

«Գանձասար» ՖԱ ՀԿ-ն Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիա է ներկայացրել հավաստագիր՝ Հայաստանի Առաջին խմբի առաջնությանը (2021-22 մրցաշրջան) մասնակցելու նպատակով, հաղորդում է ՀՖՖ–ի մամուլի ծառայությունը։

Չնայած «Գանձասար» ՖԱ ՀԿ-ն չունի Հայաստանի Առաջին խմբի առաջնությանը հանդես գալու ազգային արտոնագիր և ուշացումով է ներկայացրել մասնակցության հավաստագիրը, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան միջնորդությամբ դիմել է ՀՖՖ Գործադիր կոմիտեի անդամներին՝ առաջարկելով ընդառաջել «Գանձասար» ՖԱ ՀԿ-ին Առաջին խմբի առաջնությանը մասնակցելու հարցում:

Հաշվի առնելով ՀՖՖ-ի առաջնահերթություններից մեկը համարվող մարզային ֆուտբոլի զարգացումը, կարևորելով Հայաստանի առաջնություններում Կապանը ներկայացնող թիմի առկայությունը, ինչպես նաև առնվազն 8 թիմով առաջնություն ունենալու նախապատվությունը՝ ՀՖՖ Գործկոմի անդամները կողմ են քվեարկել ՀՖՖ միջնորդությանը:

Այսպիսով,  «Գանձասար» ՖԱ ՀԿ-ն, որը վերջին տարիներին ներկայացված էր միայն ՀՖՖ մանկապատանեկան առաջնություններում, կրկին ներկայացուցիչ կունենա ՀՖՖ հովանու ներքո անցկացվող պրոֆեսիոնալ առաջնությունում:

«Գանձասար» ՖԱ ՀԿ-ն հանդես կգա Հայաստանի Առաջին խմբի առաջնության 2021/2022 մրցաշրջանում և իր տնային հանդիպումները կանցկացնի Կապանի «Քաղաքային» մարզադաշտում:

«Գանձասար» ՖԱ ՀԿ-ի մասնակցությամբ պայմանավորված՝ ՀՖՖ Գործկոմի անդամները կողմ են քվեարկել նաև Առաջին խմբի առաջնությունը ոչ թե 5, այլ 4 շրջանով անցկացնելուն:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում