14:04  ,  11 հուլիսի, 2021

Բուֆոն․ Կարծում եմ՝ Իտալիան կհաղթի անգլիացիներին

Իտալիայի հավաքականի նախկին դարպասապահ, աշխարհի չեմպիոն, «Պարմա» վերադարձած Ջանլուիջի Բուֆոնը կանխատեսել է իտալացիների հաղթանակը Եվրո-2020-ի եզրափակիչում։

Հուլիսի 11-ին Լոնդոնի «Ուեմբլի» ստադիոնում անցկացվելիք եզրափակիչում Ռոբերտո Մանչինիի գլխավորած թիմը կմրցի անգլիացիների հետ։

«Իտալիայի հավաքականի համար շատ բարդ հանդիպում կլինի։ Անգլիան ունի բազմաթիվ գերազանց ֆուտբոլիստներ։ Բայց ես չեմ անհանգստանում, քանի որ կարծում եմ՝ ճնշումն ավելի մեծ կլինի խաղադաշտի տերերի վրա։ Անգլիան խաղում է տանը, իր ֆանատների ներկայությամբ եւ կարող է ավելի շատ կորցնել այս խաղում, քան Իտալիան։

Շատ կարեւոր է առաջինը գոլ խփել, շատ բան կարող է կախված լինել հանդիպման սկզբնամասից։ Կարծում եմ՝ Իտալիան կհաղթի, բայց անգլիացիների պաշտպանության դեմ խաղալը շատ բարդ է։ Որ թիմն ավելի հանգիստ ու սառնասիրտ կլինի, այն էլ կնվաճի տիտղոսը։

Իտալիան երկար է սպասել երկրորդ չեմպիոնությանը Եվրոպայի առաջնությունում։ Ես հավաքականի հետ պարտվել եմ 2012-ի եզրափակիչում եւ գիտեմ այդ մասին։ Հույս ունեմ, որ անհաջողությունների շարքը կընդհատվի»,- Բուֆոնի խոսքը մեջբերում է Daily Mail-ը։

Իտալիա - Անգլիա հանդիպումը կմեկնարկի Երեւանի ժամանակով 23։00-ին։

1968թ. Եվրոպայի չեմպիոն Իտալիայի հավաքականը պատմության մեջ չորրորդ անգամ կխաղա Եվրոպայի առաջնության եզրափակիչում, իսկ անգլիացիներն առաջին անգամ են նվաճել եզրափակիչի ուղեգիր:

2012թ․ Եվրոպայի առաջնության եզրափակիչում Իտալիան Կիեւում 0։4 հաշվով պարտվել է 2010թ․ աշխարհի չեմպիոն Իսպանիային։

 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով