21:22  ,  9 հուլիսի, 2021

Հայաստանի Պրեմիեր լիգային կմասնակցի 10 թիմ

VBET Հայաստանի Պրեմիեր Լիգայի՝ 2021/2022 մրցաշրջանին կմասնակցի 10 թիմ՝ «Ալաշկերտ», «Նոա», «Ուրարտու», «Արարատ», «Արարատ-Արմենիա», «Վան» «Փյունիկ» «Սևան», ԲԿՄԱ, «Նորավանք»: Մրցաշարը կանցկացվի 4 շրջանով, հաղորդում է ՀՖՖ–ի մամուլի ծառայությունը։ 

ՀՖՖ Գործադիր կոմիտեի անդամները միաձայն կողմ քվեարկեցին ԲԿՄԱ-ի՝ հաջորդ մրցաշրջանում VBET Հայաստանի Պրեմիեր Լիգայում հանդես գալուն: Հարցի շուրջ դրականորեն էին արտահայտվել նաև VBET Հայաստանի Պրեմիեր Լիգայի մասնակից բոլոր ակումբները:

«Շիրակ» ֆուտբոլային ակումբը նախապես չէր տեղեկացրել ՀՖՖ-ին VBET Հայաստանի Պրեմիեր Լիգայում հանդես չգալու որոշման մասին, ինչի պատճառով ՀՖՖ Պրոֆեսիոնալ ֆուտբոլի մրցումների 2021/2022 մրցաշրջանի կանոնակարգը մշակվել և կազմվել էր 10 թիմերի մասնակցությամբ: Կարևորելով հենց 10 թիմով մրցաշար անցկացնելու հանգամանքը՝ ՀՖՖ Գործադիր կոմիտեին առաջարկվեց հավանություն տալ «Նորավանք» ՖԱ-ի՝ VBET Հայաստանի Պրեմիեր Լիգայի՝ 2021/2022 մրցաշրջանում հանդես գալուն: 

Չնայած նրան, որ «Նորավանք» ՖԱ-ն չունի VBET Հայաստանի Պրեմիեր Լիգայում հանդես գալու ազգային արտոնագիր, սակայն առկա են այդ ակումբի մասնակցության նպատակահարմարությունը հաստատող մի շարք հանգամանքներ.

Նախևառաջ, «Նորավանք» ՖԱ-ն չի համապատասխանել VBET Հայաստանի Պրեմիեր Լիգայի մասնակցության իրավունք ունեցող ազգային արտոնագիր ստանալուն ընդամենը մի կետով՝ մանկապատանեկան թիմերի համապատասխան քանակի թիմեր չունենալով: ՀՖՖ մանկապատանեկան մրցաշարերի՝ սեպտեմբերին մեկնարկող նոր մրցաշրջանում «Նորավանք» ՖԱ-ն արդեն կունենա համապատասխան քանակի թիմեր: 

Երկրորդ, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի համար շատ կարևոր է, որ «Նորավանք» ՖԱ-ն մարզային թիմ է, հանդես է գալու Վայոց Ձորի մարզում՝ արհեստական խոտածածկով սեփական մարզադաշտում (Վայքում): Ակումբը նաև նախատեսում է վերանորոգել բնական խոտածածկով մարզադաշտը Եղեգնաձորում: Մարզային ֆուտբոլի զարգացումը եղել և շարունակում է մնալ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի առաջնահերթություններից մեկը: 

Երրորդ, ՀՖՖ-ի համար շատ կարևոր է ունենալ 10 թիմով առաջնություն, որը կանցկացվի 4 շրջանով և թիմերից որևէ մեկը տուրերից մեկի ընթացքում ազատ չի լինի խաղեր անցկացնելուց:

Հաշվի առնելով այս ամենը՝ ՀՖՖ Գործկոմի անդամները միաձայն կողմ քվեարկեցին «Նորավանք» ՖԱ-ի՝ VBET Հայաստանի Պրեմիեր Լիգայի՝ 2021/2022 մրցաշրջանում հանդես գալուն:

Այնուհետև քննարկումներ ծավալվեցին Հայաստանի Առաջին խմբի առաջնության մասնակից թիմերի վերաբերյալ: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ԲԿՄԱ-ն այսուհետ հանդես է գալու VBET Հայաստանի Պրեմիեր Լիգայում, ինչպես նաև 2002- 2003 թթ. ծնված, զորակոչային տարիքի ֆուտբոլիստների համար խաղային պրակտիկա ապահովելու համար ՀՖՖ-ն որոշել է ստեղծել նաև ԲԿՄԱ-2, որը հանդես կգա Առաջին խմբում: Այս թիմի կորիզը կկազմեն Հայաստանի մինչև 19 տարեկանների հավաքականի ֆուտբոլիստները: Թիմը կարող են համալրել նաև Հայաստանի մինչև 18 տարեկանների հավաքականում հանդես եկող, 2004 թվականին ծնված լավագույն ֆուտբոլիստները:

Չնայած Գյումրիի «Շիրակը» ուշացումով էր ՀՖՖ ներկայացրել Հայաստանի Առաջին խմբի առաջնության մասնակցության հավաստագիրը, ՀՖՖ Գործադիր կոմիտեն որոշեց ընդառաջել «Շիրակ» ՖԱ-ին և թույլ տալ մասնակցել Առաջին խմբի առաջնությանը՝ կարևորելով Հայաստանի առաջնություններում Գյումրին ներկայացնող թիմի առկայությունը:

Այսպիսով Հայաստանի Առաջին խմբի առաջնության՝ 2021/2022 մրցաշրջանին կմասնակցեն 7 թիմեր՝ «Լեռնային Արցախ», «Շիրակ», ԲԿՄԱ-2, «Արարատ-Արմենիա-2», «Ուրարտու-2», «Փյունիկ ակադեմիա», «Ալաշկերտ-2»: Մրցաշարը կանցկացվի 5 շրջանով:

Այնուհետև հաստատվեց VBET Հայաստանի Գավաթի խաղարկության մասնակից թիմերի քանակը և ձևաչափը: Մրցաշարին կմասնակցեն 12 թիմեր: «Արարատ-Արմենիան», «Վանը» «Փյունիկը» «Սևանը», ԲԿՄԱ-ն, «Նորավանքը», «Լեռնային Արցախը» և «Շիրակը» պայքարը կսկսեն 1/8 եզրափակչից: Քառորդ եզրափակիչ դուրս եկած 4 թիմերին կմիանան VBET Հայաստանի Պրեմիեր Լիգայի նախորդ մրցաշրջանում առաջին 4 տեղերը զբաղեցրած թիմերը՝ «Ալաշկերտը», «Նոան», «Ուրարտուն», «Արարատը»:

Օրակարգի վերջին հարցը վերաբերում էր ՀՖՖ Գործադիր կոմիտեի թափուր տեղի համալրմանը: Գործադիր կոմիտեի անդամներին առաջարկվեց, որպես ՀՖՖ գործկոմի նոր անդամ, հաստատել ՀՀ 7-րդ գումարման Ազգային Ժողովի Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանի թեկնածությունը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում