12:19  ,  8 հուլիսի, 2021

Լևոն Արոնյանի ու Գաբրիել Սարգսյանի գրոսմայստերական դպրոցը վերաբացվել է առանց պետական աջակցության

3 տարվա դադարից հետո Լեւոն Արոնյանի եւ Գաբրիել Սարգսյանի շախմատի գրոսմայստերական դպրոցը վերաբացվել է, բայց ոչ պետական աջակցությամբ: Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց շախմատի Հայաստանի հավաքականի գրոսմայստեր, Համաշխարհային օլիմպիադայի եռակի չեմպիոն Գաբրիել Սարգսյանը:

Լեւոն Արոնյանի եւ Գաբրիել Սարգսյանի կողմից հիմնված շախմատի դպրոցը 2018 թվականի հոկտեմբերից պետական ֆինանսավորման բացակայության պատճառով փակվել էր: Այդ շրջանում Պետական եկամուտների կոմիտերի հովանու ներքո գործող «Միկա» մարզահամալիրը, որտեղ էլ գործում էր շախմատի դպրոցը, հանձնվել էր ԿԳՄՍ նախարարությանը եւ դադարեցվել էր շախմատի դպրոցի ֆինանսավորումը։ Օրերս դպորցը վերաբացվել է հովանավորչական հիմքերով եւ արդեն անցկացվել են առաջին մարզումները:

«Դպրոցը վերաբացվել է «Վերածնվող միտք» բարեգործական հիմնադրամի աջակցությամբ: Դպրոցի աշխատանքներն արդեն մեկնարկել են նոր վայրում ու ավելի լավ պայմաններում: Պետական ֆինանսավորում դպրոցն այդպես էլ չստացավ եւ այս վերաբացումը պետության հետ որեւէ կապ չունի: Հիմնադրամի կողմից մեզ առաջարկեցին վերաբացել, մենք՝ ես եւ Լեւոնը՝ սիրով համաձայնեցինք, քանի որ բոլորս էլ հասկանում էինք այս դպրոցի կարեւորությունը: Դեռ դպրոցի աշխատանքային, խմբերի ձեւավորման փուլում ենք: Մեր նպատակը նույնն է, որ լինի փակ դպրոց լավագույն երեխաների համար: Մեր եւ հովանավորի նպատակները նույնն են, որ շարունակենք այնպես, ինչպես սկսել էինք, լինի փակ դպրոց ընտրված եւ շախմատային ապագա ունեցող լավագույն երեխաներն այստեղ մարզվեն: Լեւոն Արոնյանը եւ ես կօգնենք դպրոցի աշխատանքներին, երեխաներին մեր խորհուրդներով, դպրոցում երեխաների հետ կաշխատեն վաստակավոր մարզիչներ Արման Փաշիկյանը, Աշոտ Նադանյանը եւ Աշխեն Սանոյանը:

Ամեն ինչ այնպես է, ինչպես նախկինում էր, ես եւ Լեւոնը հիմնական մարզումներ չենք անցնացնելու, կօգնենք խորհուրդներով, կանցկանցնենք դասախոսություններ: Նույն մոդելը փորձել ենք պահել: Այսպիսի դպրոցները, որտեղ բիզնես ծրագիր չկա, իմ կարծիքով, պետք է պետական լինեն: Դու երկրին ես օգուտ տալիս, երկրի լավագույն երեխաներին ես առաջ մղում եւ օգնում շախմատային ճանապարհում: 3 տարի առաջ մեր ֆինանսավորումը դադարեցվեց եւ մեզ առաջարկեցին հովանավորչական աջակցությամբ շարունակել մեր գործունեությունը: Դպրոցի տեղը փոխվել է, նոր շենքը կենտրոնում է եւ ավելի լավ պայմաններով: Խմբերը կլինեն փոքր, քանի որ մեր նպատակը լավագույնների հետ աշխատելն է: Հայաստանում շախմատի դպրոցներ շատ կան, ի սկզբանե մեր միտքը եղել է այն, որ այստեղ հաճախեն պրոֆեսիոնալները, երեխաներ, որոնք հստակ իրենց ապագան տեսնում են շախմատում, որոնք լուրջ նպատակներ ունեն եւ, ըստ մեր ծրագրի, դառնան ուժեղ գրոսմայստերներ: Այն ժամանակ, երբ պետական ֆինանսավորմամբ էինք գործում, հրաշալի արդյունքներ գրանցեցինք: Այն ժամանակ նաեւ երեխաներն էին շատ լավը եւ, իսկապես, արդյունքները շատ բարձր էին՝ ունեցանք աշխարհի ու Եվրոպայի չեմպիոններ: Հիմա հույս ունենք, որ մեզ կհաջողվի կրկին հասնել այդ մակարդակի: Եվս մեկ անգամ ուզում են նշել, որ այս դպրոցը պետության հետ ընդհանրապես որեւէ կապ չունի եւ ֆինանսավորվում է միայն «Վերածնվող միտք» հիմնադրամի կողմից»,- ասաց Գաբրիել Սարգսյանը:

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով