01:36  ,  8 հուլիսի, 2021

Եվրո-2020․ Անգլիան լրացուցիչ ժամանակում հաղթեց Դանիային եւ առաջին անգամ դուրս եկավ եզրափակիչ (ֆոտո, վիդեո)

Եվրո-2020-ի կիսաեզրափակիչում Անգլիայի հավաքականը լրացուցիչ ժամանակում 2։1 հաշվով առավելության հասավ Դանիայի թիմի նկատմամբ եւ առաջին անգամ դուրս եկավ Եվրոպայի առաջնությունների եզրափակիչ։ Լոնդոնի «Ուեմբլի» ստադիոնում տեղի ունեցած դիմակայության հիմնական ժամանակում գրանցվեց ոչ ոքի՝ 1։1։

Առաջինը հաջողության հասան դանիացիները։ 30-րդ րոպեին տուգանայինից կատարած հարվածով գեղեցիկ գոլի հեղինակ դարձավ իտալական «Սամպդորիայի» 21-ամյա կիսապաշտպան Միկել Դամսգորը։

39-րդ րոպեին Անգլիան վերականգնեց հավասարությունը։ «Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Ռահիմ Ստերլինգի հարվածը կանխելիս սեփական դարպասը գրավեց դանիացիների պաշտպան, իտալական «Միլանի» 32-ամյա խաղացող Սիմոն Կյաերը։

Լրացուցիչ ժամանակի առաջին խաղակեսում 11 մետրանոց վաստակեց Ռահիմ Ստերլինգը եւ անգլիացիներին առաջ մղեց Լոնդոնի «Տոտենհեմի» 27-ամյա հարձակվող Հարի Քեյնը, որի հարվածը «Լեսթեր Սիթիի» 34-ամյա դարպասապահ Պետեր Շմեյխելը հետ մղեց, բայց Քեյնը առաջինը հասավ գնդակին եւ գրավեց դարպասը։

Հուլիսի 11-ին «Ուեմբլիում» անցկացվելիք եզրափակիչում Գարեթ Սաութգեյթի գլխավորած թիմը կմրցի Իտալիայի հավաքականի հետ, որը կիսաեզրափակիչում հետխաղյա 11 մետրանոցներով հաղթել էր իսպանացիներին:

Եվրո-2020, կիսաեզրափակիչ

Անգլիա - Դանիա՝ 2։1 (հիմնական ժամանակ՝ 1։1), (տեսանյութ), (Լոնդոն)

Սիմոն Կյաեր, 39, ինքնագոլ, Հարի Քեյն, 104 - Միկել Դամսգոր, 30

Չիրացրած 11մ՝ Հարի Քեյն, 104

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով