09:09  ,  8 հուլիսի, 2021

Կոնֆերենցիաների լիգա. Հայկական ակումբները սկսում են պայքարը

Հայկական ակումբները հուլիսի 8-ին կսկսեն պայքարը ՈւԵՖԱ-ի նորաստեղծ մրցաշար Կոնֆերենցիաների լիգայի որակավորման առաջին փուլում:

Հայաստանի փոխչեմպիոն «Նոան» առաջին խաղում կընդունի Ֆինլանդիան ներկայացնող «ԿուՊՍ»-ին: Կուոպիո քաղաքը ներկայացնող թիմը Ֆինլանդիայի 6-ակի չեմպիոն է, նախորդ անգամ երկրի չեմպիոնի կոչումը նվաճել է 2019-ին: 

«Նոա» - «ԿուՊՍ» հանդիպումը կանցկացվի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադինում և կսկսվի ժամը 18:00-ին: Խաղը կհեռարձակվի «Առաջին ալիքով»: Այս զույգի հաղթողին որակավորման երկրորդ փուլում սպասում է ուկրաինական «Վորսկլա Պոլտավան»:

Հայաստանի գավաթակիր Երևանի «Արարատը» 13 տարվա ընդմիջումից հետո դարձյալ կխաղա եվրագավաթներում և կհյուրընկալվի հունգարական «Ֆեհերվարին», որը Հունգարիայի նախորդ առաջնությունում գրավել է երրորդ տեղը: «Ֆեհերվարը» 3 անգամ հաղթել է Հունգարիայի առաջնությունում, իսկ նախորդ անգամ չեմպիոն դարձել է 2017/18թթ. մրցաշրջանում: Մինչև 2018թ. հուլիսի 1-ը ակումբը կոչվում էր «Վիդեոտոն», այնուհետև մեկ տարի ունեցել է «ՄՈԼ Վիդի» անվանումը, իսկ 2019-ին դարձյալ վերադարձել է «Ֆեհերվար» անվանմանը: 

«Ֆեհերվար» - «Արարատ» հանդիպումը կանցկացվի Սեկեշֆեհերվարի «Արենա Շոշտո» ստադիոնում և կսկսվի Երևանի ժամանակով 22:00-ին: Հանդիպումը կհեռարձակվի «Առաջին ալիքով»: «Ֆեհերվարի» արգելքը հաղթահարելու դեպքում «Արարատը» երկրորդ փուլում կմրցի «Պայդե» («Էստոնիա») - «Շլոնսկ Վրոցլավ» ( «Լեհաստան») զույգի հաղթողի հետո։

Հայաստանի առաջնության բրոնզե մեդալակիր «Ուրարտուն» արտագնա հանդիպում կանցկացնի Սլովենիայի 15-ակի չեմպիոն «Մարիբորի» հետ: Սլովենիայի ավարտված առաջնությունում «Մարիբորը» գրավել է երկրորդ տեղը՝ հավասար միավորներ հավաքելով չեմպիոնի կոչումը նվաճած «Մուրայի» հետ: 

«Մարիբոր» - «Ուրարտու» խաղը տեղի կունենա Մարիբորի «Լյուդսկի վրտ» ստադիոնում և կմեկնարկի Երևանի ժամանակով 22:45-ին: Հանդիպումը կհեռարձակվի «Շանթ» հեռուստաընկերությամբ: Այս դիմակայության հաղթողը երկրորդ փուլում կհանդիպի Շվեդիայի գավաթակիր «Համարբյուի» հետ

Կոնֆերենցիաների լիգայի որակավորման առաջին փուլի պատասխան հանդիպումները կանցկացվեն հուլիսի 15-ին:

Կոնֆերենցիաների լիգա, որակավորման առաջին փուլ, առաջին հանդիպումներ

«Նոա» (Հայաստան) - «ԿուՊՍ» (Ֆինլանդիա)` 18:00

Գլխավոր մրցավար՝ Իգոր Ստոյչևսկի (Հյուսիսային Մակեդոնիա)

«Ֆեհերվար» (Հունգարիա) - «Արարատ» (Հայաստան)՝ 22:00

Գլխավոր մրցավար՝ Իոն Օրլիչ (Մոլդովա)

«Մարիբոր» (Սլովենիա) – «Ուրարտու» (Հայաստան)՝ 22:45

Գլխավոր մրցավար՝ Նաթան Վերբումեն (Բելգիա)

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում