11:45  ,  2 հուլիսի, 2021

Տոկիո-2020-ում Հայաստանը կունենա 2 լողորդ

Ջրային մարզաձևերի միջազգային ֆեդերացիան Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեին պաշտոնապես տեղեկացրել է Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոյում կայանալիք 32-րդ ամառային Օլիմպիական խաղերում 2 հայ լողորդների մասնակցության մասին, հայտնում է ՀԱՕԿ լրատվականը:

Տոկիո-2020-ում Հայաստանը կներկայացնեն լողորդներ Արթուր Բարսեղյանը և Վարսենիկ Մանուչարյանը: Բարսեղյանը հանդես կգա 50 և 100 մետր ազատ ոճում, իսկ Մանուչարյանը՝ 100 մետր ազատ ոճում:

Այսպիսով, Հայաստանի օլիմպիական ուղեգրերի թիվը հասավ 17-ի: Ավելի վաղ Տոկիո-2020-ի ուղեգիր էին նվաճել հունահռոմեական ոճի ըմբիշներ Արմեն Մելիքյանը (60 կգ), Կարեն Ասլանյանը (67 կգ), Կարապետ Չալյանը (77 կգ), Արթուր Ալեքսանյանը (97 կգ), ազատ ոճի ըմբիշներ Արսեն Հարությունյանը (57 կգ), Վազգեն Թևանյանը (65 կգ), բռնցքամարտիկներ Կորյուն Սողոմոնյանը (52 կգ), Հովհաննես Բաչկովը (63), Արման  Դարչինյանը (75 կգ), սպորտային մարմնամարզիկ Արթուր Դավթյանը, հրաձիգ Էլմիրա Կարապետյանը, ծանրորդներ Իզաբելա Յայլյանը (59 կգ), Սիմոն Մարտիրոսյանը (109 կգ), եռացատկորդ Լևոն Աղասյանը և ձյուդոիստ Ֆերդինանդ Կարապետյանը (73 կգ):

Հիշեցնենք, որ կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով Տոկիո-2020 Օլիմպիական խաղերը հետաձգվել էին մեկ տարով և կանցկացվեն 2021թ. հուլիսի 23-ից օգոստոսի 8-ը: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում