21:53  ,  28 հունիսի, 2021

Եվրո-2020․ Իսպանիան ու Խորվաթիան 3-ական գոլ փոխանակեցին եւ պայքարը կշարունակեն լրացուցիչ ժամանակում (ֆոտո)

Եվրո-2020-ի 1/8 եզրափակիչում մրցում են Իսպանիայի եւ աշխարհի փոխչեմպիոն Խորվաթիայի հավաքականները։ Դանիայի մայրաքաղաք Կոպենհագենում ընթացող հանդիպման հիմնական ժամանակն ավարտվեց ոչ ոքի՝ 3։3։

Հաշիվը բացվեց 20-րդ րոպեին «Բարսելոնայի» 18-ամյա կիսապաշտպան Պեդրիի ինքնագոլի պատճառով։ Նրա հետ փոխանցումից հետո Բիլբաոյի «Աթլետիկը» ներկայացնող դարպասապահ Ունաի Սիմոնը չհասցրեց գնդակի հետեւից։

38-րդ րոպեին Լուիս Էնրիկեի գլխավորած թիմը կարողացավ վերականգնել հավասարությունը։ Աչքի ընկավ ֆրանսիական ՊՍԺ-ի 29-ամյա կիսապաշտպան Պաբլո Սարաբիան։

Իսպանացիներին 57-րդ րոպեին հաշվի մեջ առաջ մղեց Չեմպիոնների լիգայի գավաթակիր Լոնդոնի «Չելսիի» 31-ամյա պաշտպան Սեսար Ասպիլիկուետան։

20 րոպե անց Իսպանիայի առավելությունը մեծացրեց Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթիի» 21-ամյա հարձակվող Ֆերան Տորեսը։

85-րդ րոպեին Խորվաթիայի հավաքականը Զագրեբի «Դինամոյի» 28-ամյա հարձակվող Միսլավ Օրշիչի գոլի շնորհիվ կրճատեց տարբերությունը։ Ավելացված երրորդ րոպեին Զլատկո Դալիչի գլխավորած թիմի երրորդ գոլը խփեց «Ատալանտայի» 26-ամյա կիսապաշտպան Մարիո Պաշալիչը, որին գոլային փոխանցումը կատարեց Օրշիչը։

Նշանակվել է լրացուցիչ ժամանակ։

Այս զույգի հաղթողը քառորդ եզրափակիչում կհանդիպի աշխարհի չեմպիոն Ֆրանսիայի եւ Շվեյցարիայի դիմակայության հաղթողի հետ։

Եվրո-2020, 1/8 եզրափակիչ

Խորվաթիա - Իսպանիա՝ 3։3 (Կոպենհագեն)

Պեդրի, 20, ինքնագոլ, Միսլավ Օրշիչ, 85, Մարիո Պաշալիչ, 90+3 - Պաբլո Սարաբիա, 38, Սեսար Ասպիլիկուետա, 57, Ֆերան Տորես, 76

Ֆրանսիա - Շվեյցարիա՝ 23։00 (Երեւանի ժամանակ), (Բուխարեստ)

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով