23:11  ,  22 հունիսի, 2021

Հովհաննես Դավթյան․ Գիտեինք, որ Կարապետյանն ունի ուղեգիր, բայց սպասում էինք պաշտոնական հաստատմանը

Մենք գիտեինք, որ Ֆերդինանդ Կարապետյանն ունի ուղեգիր, բայց սպասում էինք պաշտոնական հաստատմանը: Այժմ մեր բոլոր ուժերը կկենտրոնացնենք Օլիմպիական խաղերին պատրաստվելու վրա: Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց ձյուդոյի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Հովհաննես Դավթյանը:

Հունիսի 22-ին ձյուդոյի միջազգային ֆեդերացիան հրապարակել է օլիմպիական ուղեգրեր ունեցող ձյուդոիստների վերջնական ցուցակը, որում 73 կգ քաշայինների կազմում է նաեւ Հայաստանի առաջատար ձյուդոիստ, Եվրոպայի չեմպիոն Ֆերդինանդ Կարապետյանը:

«Ֆերդինանդ Կարապետյանը մտել է վարկանիշներ ունեցողների մեջ: Այս տարի վարկանիշներ ունենալու կարգում փոփոխություններ կային: Ֆերդինանդի վարկանիշը հաստատվել է նրա միավորների հիման վրա: Այսինքն՝ ուներ բավարար միավոր: 18 ձյուդոիստ օլիմպիական ուղեգիր ստացել է անմիջապես իրենց միավորներով: Եվս 13-ը ուղեգիր են ստացել եվրոպական գոտու քվոտաներով: Ֆերդինանդն այդ 13-ի մեջ է:

Հաստատումը ստացել ենք մոտ մեկ ժամ առաջ: Ուրախ եմ, բայց այդ մասին կխոսենք Օլիմպիական խաղերից հետո: Մենք գիտեինք, որ միավորներով վարկանիշ ունենալու է, բայց սպասում էինք պաշտոնական հաստատմանը: Այժմ կկենտրոնանանք պատրաստվելու, մարզումների վրա: Մի քանի փուլով կմոտենանք Օլիմպիական խաղերին:

Այժմ Ծաղկաձորում անցնում ենք 14-օրյա հավաք, որն ուղղված է ֆիզիկական պատրաստվածությանը: Այստեղից կմեկնենք Խորվաթիա, որտեց կաշխատենք տատամիի վրա, տեխնիկական, վերջին հավաքը կանենք Երեւանում եւ կմեկնենք Տոկիո: Այս փուլում նաեւ Ֆերդինանդի վնասվածքներն ենք լիարժեք ապաքինում, որպեսզի առանց որեւէ խնդրի, առանց վնասվածքի մասակցի Օլիմպիական խաղերին»,- ասաց Հովհաննես Դավթյանը: Ֆերդինանդ Կարապետյանը Հայաստանի 14-րդ օլիմպիականն է Տոկիո-2020-ում:

Մինչև այս Հայաստանն ուներ 13 ուղեգիր, չորսը՝ հունահռոմեական ըմբշամարտում (Արմեն Մելիքյան, 60 կգ, Կարեն Ասլանյան, 67 կգ, Կարապետ Չալյան, 77 կգ, Արթուր Ալեքսանյան, 97 կգ), երկուսը՝ ազատ ոճի ըմբշամարտում (Արսեն Հարությունյան, 57 կգ, Վազգեն Թևանյան, 65 կգ), երկուսը բռնցքամարտում (Կորյուն Սողոմոնյան 52 կգ, Արման Դարչինյան 75 կգ), երկուսը ծանրամարտում (Սիմոն Մարտիրոսյան, 109 կգ, Իզաբելա Յայլյան, 59 կգ), մեկական՝ սպորտային մարմնամարզությունում (Արթուր Դավթյան), եռացատկում (Լեւոն Աղասյան), հրաձգությունում (Էլմիրա Կարապետյան)։

Կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով Տոկիո-2020 Օլիմպիական խաղերը հետաձգվել էին մեկ տարով և կանցկացվեն 2021թ. հուլիսի 23-ից օգոստոսի 8-ը:

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


  • Հարցում
Քվեարկել են (13)
  • Ֆեյսբուք
  • NEWS.am Sport Exclusive
  • Արխիվ