10:11  ,  19 հունիսի, 2021

Հեքիաթային Սանկտ Պետերբուրգը՝ Եվրո-2020-ի ամենասիրելի վայրերից մեկը (ֆոտոշարք)

Ռուսաստանի հյուսիսային մայրաքաղաքը մեկն է այն 11 քաղաքներից, որոնք այս օրերին հյուրընկալել են ֆուտբոլի Եվրոպայի 16-րդ առաջնության հանդիպումները: Սանկտ Պետերբուրգն իր գեղեցկությամբ գրեթե չի զիջում Եվրո-2020-ի առջև իրենց դռները բացած եվրոպական քաղաքներին և դարձել է երկրպագուների ամենասիրելի մրցավայրերից մեկը:

2017 թվականին բացված «Գազպրոմ Արենա» ստադիոնում նախատեսված են Եվրո-2020-ի 7 հանդիպումներ, որոնցից չորսն արդեն անցկացվել են:

NEWS.am Sport-ի թղթակիցը Սանկտ Պետերբուրգ ժամանեց հունիսի 17-ին՝ Շվեդիա - Սլովակիա E խմբի հանդիպման նախօրեին: Երևանի հետ համեմատ, այդ օրը Սանկտ Պետերբուրգում այնքան էլ շոգ չէր (մոտ 20 աստիճան տաքություն), սակայն խաղի օրը քաղաքում ջերմաստիճանը բարձրացավ մոտ 10 աստիճանով, և դրա հետ մեկտեղ ավելի «թեժացավ» նաև ֆուտբոլային մթնոլորտը:

Շվեդիայի հավաքականը սլովակներին հաղթեց ինչպես խաղադաշտում, այնպես էլ՝ դրա սահմաններից դուրս: Հանդիպումից առաջ սկանդինավցի երկրպագուները շատ ավելի ակտիվ ու կազմակերպված էին, իսկ խաղից հետո նրանց բարձր տրամադրությունը կրկնապատկվեց: Հաղթական դիմակայության վերջում գրեթե բոլոր շվեդ երկրպագուները ստադիոնից հեռանալիս երգում էին «Յանե, Յանե»՝ ի պատիվ թիմի գլխավոր մարզիչ Յանե Անդերսոնի: 2016 թվականից Շվեդիայի հավաքականը գլխավորող 58-ամյա շվեդ մասնագետը շատ սիրված է երկրպագուների կողմից, և շատերը հենց նրա հետ են կապում թիմի վերջին հաջողությունները:

Այս անգամ ՈւԵՖԱ-ն մեծացրել է Եվրոպայի առաջնության աշխարհագրությունը և թիմերի քանակը (Եվրո-2020-ն առաջին անգամ անցկացվում է 11 երկրների 11 քաղաքներում, մասնակցում են 24 հավաքականներ), որպեսզի երկրպագուները կարողանան այցելել ավելի շատ երկրներ և ծանոթանան նաև ֆուտբոլային մթնոլորտին ու այնտեղի մշակութային կյանքին, ինչը գրեթե իդեալական է դարձնում Սանկտ Պետերբուրգի տարբերակը:

Կորոնավիրուսային համավարակը, իրարկե, զգալիորեն խանգարեց դրան, սակայն Եվրո-2020-ի օրերին Ռուսաստանի ամենագեղեցիկ քաղաքում մարդկաց բազմության պակաս չի զգացվում՝ հատկապես կենտրոնական փողոցներում: Եվրոպայի առաջնությունը նաև համընկել է այս քաղաքում զբոսաշրջիկների համար ամենաթեժ ժամանակահատվածների հետ, քանի որ սկսվել են սպիտակ գիշերները:

2017 թվականին բացված «Գազպրոմ Արենան» արդեն քաջ ծանոթ է արտասահմանցի երկրպագուներին, քանի որ այս ստադիոնը հյուրընկալել էր նաև 3 տարի առաջ անցկացված ֆուտբոլի աշխարհի առաջնությունը: ԱԱ-2018-ում ևս «Գազպրոմ Արենան» ընդունել էր 7 հանդիպումներ, այդ թվում՝ կիսաեզրափակիչն ու երրորդ տեղի համար խաղը: Հասկանալի է, որ այդ ժամանակ մարդիկ չգիտեին, թե ինչ է կորոնավիրուսն ու այլ պայմաններում էին վայելում ֆուտբոլային տոնը, բայց այս օրերին ևս Սանկտ Պետերբուրգն ապրում է ֆուտբոլով:

Շվեդիա - Սլովակիա խաղի օրը քաղաքում ֆուտբոլային աժիոտաժը հասկանալի պատճառներով այնքան մեծ չէր, ինչպես նախորդ 2 խաղերի ժամանակ, քանի որ մեկնարկային 2 տուրերում «Գազպրոմ Արենայում» հանդես եկավ Ռուսաստանի հավաքականը, որի ցուցադրած խաղը դեռ մեծ հույսեր չի ներշնչում երկրպագուներին ու ֆուտբոլային մասնագետներին: Ռուսաստանի հավաքականի հանդիպումների օրերին լեփ-լեցուն էր նաև պետերբուրգյան ֆան-գոտին, որը ստացել է «Ֆուտբոլային ավան» անվանումը:

68 հազար հանդիսական հյուրընկալող «Գազպրոմ Արենան» Բելգիա - Ռուսաստան (3:0) և Ֆինլանդիա - Ռուսաստան (0:1) խաղերին կորոնավիրուսային համավարակով պայմանավորված սահմանափակումների պատճառով հյուրընկալել էր ստադիոնի տարողության մոտ 35 տոկոսի չափով երկրպագու: Շվեդիա - Սլովակիա խաղին ներկա էին ավելի քիչ երկրպագուներ՝ մոտ 11500:

Վերջերս բրիտանական Buro Happold ճարտարապետական ընկերությունը հրապարակել էր աշխարհի լավագույն ստադիոնների ցուցակը, որտեղ «Գազպրոմ Արենան» զբաղեցրել էր 21-րդ տեղը: Այս ստադիոնում ֆուտբոլ դիտելը շատ հարմարավետ է:

Սակայն նորակառույց ստադիոնը Սանկտ Պետերբուրգ մեկնող արտասահմանցի երկրպագուներին ամենաշատը չէ հետաքրքրում այդ քաղաքում: Խնամված շենքերով, շատ մաքուր ու կոմպակտ քաղաքը հարուստ է տեսարժան վայրերով ու պատմական կառույցներով: Հենց քաղաքի սրտում գտնվող Նևսկի պողոտայի հարևանությամբ է տեղակայված Եվրո-2020-ի ֆան-գոտին, որը նույն հատվածում էր նաև աշխարհի առաջնության ժամանակ: Ֆան-գոտուց երկրպագուները մոտ 10 րոպեում զբոսնելով հասնում են Սանկտ Պետերբուրգի ամենահայտնի վայրերից մեկը՝ Էրմիտաժ: Կերպարվեստի  թանգարանը երկրպագուների ու, ընդհանրապես, Սանկտ Պետերբուրգ մեկնած զբոսաշրջիկների համար ամենապարտադիր այցելելի վայրերից է այս քաղաքում: Որպես Ռուսաստանի Եկատերինա 2-րդ կայսրուհու անձնական արվեստի հավաքածու ստեղծված այս կառույցը երկրորդ ամենամեծ արվեստի թանգարանն է աշխարհում:

Էրմիտաժի հարևանությամբ գտնվող սրճարաններից մեկի առջև տեղադրված են Դիեգո Մարադոնայի, Լիոնել Մեսիի ու Զլատան Իբրահիմովիչի արձանները:

Էրմիտաժից բացի, զբոսաշրջիկների սիրելի վայրերից են նաև Կունստկամերան, Մարիինյան թատրոնը, Ռուսաստանի ազգային գրադարանը, Ռուսաստանի պետական թանգարանը, Պետրոպավլովյան ամրոցը, Սուրբ Իսահակի տաճարը, Նևայի պողոտան և այլն։ Նևա գետի ափերին ևս մարդկանց պակաս չի զգացվում: Շատերը նախընտրում են զբոսանավով ուղևորություն, իսկ գիշերվա ուշ ժամերին վայելում են քաղաքի բացվող կամուրջները:

Սանկտ Պետերբուրգը Ռուսաստանի տնտեսական, գիտական և մշակութային կարևորագույն կենտրոն լինելուց բացի, տրանսպորտային խոշոր հանգույց է։ Քաղաքի պատմական կենտրոնը և դրա հետ կապված հուշարձանների համալիրները մտնում են ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության օբյեկտների մեջ: Մեղմ ասած, Սանկտ Պետերբուրգը զգալիորեն տաբերվում է Ռուսաստանի մյուս քաղաքներից:

Շվեդիա - Սլովակիա հանդիպման դեռ նախօրեին քաղաքում քիչ չէին այդ երկրի ֆուտբոլային համազգեստներով երկրպագուները: Չնայած Ֆինլանդիայի հավաքականը ռուսների դեմ «Գազպրոմ Արենայում» խաղացել էր հունիսի 16-ին, սակայն ֆինն երկրպագուների պակաս ևս չէր զգացվում քաղաքում: Պատմության մեջ առաջին անգամ Եվրոպայի առաջնության եզրափակիչ մրցաշարին մասնակցող Ֆինլանդիայի հավաքականը Սանկտ Պետերբուրգում կանցկացնի ևս մեկ հանդիպում՝ հունիսի 21-ին մրցելով B խմբի առաջատար բելգիացիների հետ: Արտասահմանցի երկրպագուներից պետերբուրգյան ուևորությունն ամենահեշտը տրվում է հենց ֆիններին, քանի որ Ֆինլանդիան Ռուսաստանի հետ սահմանակից է, իսկ Սանկտ Պետերբուրգը շատ մոտ է սահմանին, և այդտեղից կարելի է մեքենայով հասնել մրցավայր:

Սանկտ Պետերբուրգն ընտրել են նաև Եվրոպայից դուրս ապրող շատ երկրպագուներ, քանի որ ի տարբերություն եվրոպական մյուս քաղաքների, այստեղ կորոնավիրուսի համավարակով պայմանավորված սահմանափակումները նույնքան խիստ չեն: Պաշտպանիչ դիմակ կրելը պարտադիր է միայն տրանսպորտում, ստադիոնում ու ֆան-գոտում, սակայն ոչ բոլորն են պահպանում կանոնները:

Ամենևին էլ պատահական չէ, որ Ռուսաստանը Եվրո-2020-ում ներկայացնում է ոչ թե մայրաքաղաք Մոսկվան, այլ՝ հեքիաթային Սանկտ Պետերբուրգը, որտեղ քեզ զգում ես ինչպես Եվրոպայում: Այս քաղաք մեկ անգամ այցելությունից հետո անպայման առաջանում է վերադառնալու ցանկություն, ինչն էլ շատերն անում են: Սանկտ Պետերբուրգն այն քաղաքն է, որտեղ արժե այցելել՝ և ոչ միայն կարևոր ֆուտբոլային հանդիպումների համար:

Դավիթ Եղիազարյան՝ Սանկտ Պետերբուրգից

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով


  • Լրահոս
  • Հարցում
Քվեարկել են (13)
  • Ֆեյսբուք
  • NEWS.am Sport Exclusive
  • Արխիվ