17:02  ,  18 հունիսի, 2021

Իսպանացի մասնագետներ՝ «Ուրարտուի» մարզչական շտաբում

«Ուրարտու» ֆուտբոլային ակումբը նոր համալրումներ ունի։ Մարզիչ-վերլուծաբան Ֆրանսիսկո Կոմպան Բոմբարդոն և ֆիզիոթերապևտ Վաիլ Էլ Գարտիտ Զուագին կաշխատեն ակումբի գլխավոր թիմի հետ։

Ազգությամբ իսպանացի մասնագետները ֆուտբոլային հարուստ փորձ ունեն. Ֆրանսիսկո Կոմպան Բոմբարդոն աշխատել է նաև «Լոռի» և «Արարատ-Արմենիա» ակումբներում, իսկ ֆիզիոթերապևտ Վաիլ Էլ Գարտիտ Զուագին աշխատել է Լիսաբոնի «Սպորտինգում», նաև Պորտուգալիայի բասկետբոլի ազգային հավաքականում, հաղորդում է «Ուրարտուի» մամուլի ծառայությունը։

«Առաջինը որ միանգամից աչք է գերում ակումբի ենթակառուցվածքներն են, հասկանում ես, որ սա ակումբ է, որն ուզում է զարգանալ։ Իմ աշխատանքի բնույթն այն է, որ ես պետք է օգնեմ գլխավոր մարզչին պատրաստել թիմը տակտիկապես, որպեսզի տղաները խաղան այն ֆուտբոլը, որը ցանկանում ենք։ Նաև զբաղվելու եմ վերլուծությամբ, ուսումնասիրելու եմ ինչպես մեր թիմի խաղն, այնպես էլ մրցակիցներինը։ Վերլուծություններ ենք կատարելու ու հիմնվելով դրանց վրա վարժություններ կատարելու մարզումների ընթացքում, որպեսզի ֆուտբոլիստները հասկանան ու իրագործեն այն գաղափարները, որոնք ունեն մարզիչները»,– ասել է Ֆրանսիսկո Կոմպան Բոմբարդոն։

«Ես շատ մոտիվացված եմ, որովհետև այս թիմին օգնելու մեծ ցանկություն ունեմ։ Ինձ դուր եկավ այն նախագիծը, որն ունի ակումբը։ Ունենք շատ լավ կոլեկտիվ, որը առաջընթաց գրանցելու մեծ ձգտում ու ցանկություն ունի։ Ինձ դուր եկավ ամեն ինչ։ Նախկինում աշխատել եմ Լիսաբոնի «Սպորտինգում», նաև Պորտուգալիայի բասկետբոլի հավաքականում։

Անհատապես աշխատել եմ նաև շատ մարզիկների հետ։ Իմ գործի բնույթը հետևյալն է, որ պետք է աշխատեմ վնասվածք ունեցող ու վերականգնվնող ֆուտբոլիստների հետ։ Եթե ֆուտբոլիստն ունի վնասվածք, ցավ, կամ առողջական ինչ-որ խնդիր նրան անհանգստացնում է, ապա ես պետք է օգնեմ նրան, որպեսզի նա հնարավորինս արագ վերականգնվի ու միանա ընդհանուր խմբին 100 տոկոս առողջ վիճակում»,– Վաիլ Էլ Գարտիտ Զուագին։

«Ուրարտու» ֆուտբոլային ակումբը ողջունում և հաջողություն է մաղթում իսպանացի մասնագետներին, նաեւ շնորհակալություն հայտնում ֆիզիոթերապևտներ Էնրիկե Ֆերնանդես Խիլին ու Լուսիա Լաֆուենտեին ակումբում կատարած աշխատանքի համար։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում