11:50  ,  15 հունիսի, 2021

Ամերիկայի գավաթում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 40-ից ավելի դեպք

Բրազիլիայում մեկնարկած ֆուտբոլի Ամերիկայի գավաթի խաղարկությունում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 41 դեպք, հաղորդում է Reuters-ը:

Covid-19-ով վարակվածներից 31-ը ֆուտբոլիստներ ու պատվիրակությունների անդամներ են: Վարակվածների թվում են հյուրանոցների 10 աշխատակիցներ:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ կորոնավիրուսով վարակման 12 դեպք գրանցվել է Վենեսուելայի հավաքականում, 2 դեպք՝ Կոլումբիայի թիմում:

Հիշեցնենք, որ Ամերիկայի գավաթն անցկացվում է Բրազիլիայի 4 քաղաքներում, իսկ եզրափակիչը տեղի կունենա հուլիսի 10-ին Ռիո դե Ժանեյրոյի «Մարականա» ստադիոնում: Մրցաշարը պետք է անցկացվեր Կոլումբիայում և Արգենտինայում, սակայն նախ՝ Կոլումբիան զրկվեց մրցաշարն անցկացնելու իրավունքից կորոնավիրուսի համավարակի և անկայուն քաղաքական վիճակի պատճառով, ապա՝ Արգենտինան զրկվեց այդ իրավունքից կորոնավիրուսի համավարակի երրորդ ալիքի հետևանքով։

Գործող գավաթակիրը Բրազիլիան է, որը նախորդ խաղարկության եզրափակիչում հաղթել է Պերուի հավաքականին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում