14:35  ,  14 հունիսի, 2021

Եվրո-2020. NEWS.am Sport-ի թղթակցի հավատարմագրումը կասեցվել է Բաքվի միջամտությամբ

NEWS.am Sport-ի թղթակից Դավիթ Եղիազարյանի և Հայաստանի այլ լրագրողների հավատարմագրումը 11 երկրների 11 քաղաքներում ընթացող ֆուտբոլի Եվրոպայի 16-րդ առաջնությունում մերժվել է։

Մայիսի 20-ին ՈւԵՖԱ-ն պաշտոնական գրությամբ հաստատել էր, որ Դավիթ Եղիազարյանը հավատարմագրվել է Եվրո-2020-ի խաղերը լուսաբանելու համար։ Սակայն Եվրոպայի առաջնության մեկնարկից 2 օր անց ՈւԵՖԱ-ից հայտնել են, որ հավատարմագրումը չի հաստատվել կազմակերպիչ երկրներից մեկի ոստիկանության որոշմամբ։ Ենթադրաբար դա եղել է Բաքվի կազմկոմիտեի միջամտությամբ։

NEWS.am Sport-ի թղթակիցը ՈւԵՖԱ-ին դիմել էր միայն Ռուսաստանի Սանկտ Պետերբուրգ քաղաքում նախատեսված խմբային փուլի 6 հանդիպումները լուսաբանելու համար։

Ավելի վաղ Եվրո-2020-ի հավատարմագիր չէր տրամադրվել նաև ռուսական «Матч ТВ» հեռուստաալիքի ֆուտբոլային մեկնաբաններ Նոբել Առուստամյանին ու Կոնստանին Գենիչին, սակայն տարբեր կազմակերպությունների միջամտությամբ խնդիրն օրեր անց լուծվել էր։ «Матч ТВ»-ի մեկ այլ մեկնաբան Միխայիլ Մոսակովսկուն էլ հունիսի 11-ին Բաքվի օդանավակայանում թույլ չէին տվել հատել Ադրբեջանի սահմանը և նույն ինքնաթիռով հետ էին ուղարկել Մոսկվա։ Նա պետք է լուսաբաներ հունիսի 12-ին Բաքվում նախատեսված Ուելս - Շվեյցարիա Եվրո-2020-ի առաջին տուրի հանդիպումը։ Մեկնաբանը մի քանի տարի առաջ այցելել է Արցախի Հանրապետություն, իսկ անցած տարի եղել Հայաստանում։

Օրեր առաջ Ադրբեջանի ֆուտբոլային ֆեդերացիաների ասոցիացիայի փոխնախագահ Էլհան Մամեդովը հայտարարել էր, որ Նոբել Առուստամյանը բազմիցս խախտել է Ադրբեջանի օրենքները։ Հայտնի է, որ Առուստամյանը մի քանի անգամ այցելել է Արցախի Հանրապետություն։

«Եվրո-2020-ն անցկացվում է, որպես միասնական համակարգ։ Դա վերաբերում է նաև հավատարմագրումների գրանցման համակարգին։ Տվյալ դեպքում, լրագրողը կարող է դիմել անմիջապես ՈւԵՖԱ-ին»,- ասել էր Մամեդովը։

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան ևս այս պահին զբաղվում է NEWS.am Sport-ի թղթակցի և Հայաստանի մյուս լրագրողների հավատարմագրումների հետ կապված խնդիրները կարգավորելու համար։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով