10:11  ,  14 հունիսի, 2021

Կրիստիան Էրիկսենի 1-ին մեկնաբանությունն ուշագնաց լինելուց հետո

Դանիայի հավաքականի կիսապաշտպան Կրիստիան Էրիկսենը մեկնաբանել է Ֆինլանդիայի թիմի դեմ Եվրո-2020-ի B խմբի առաջին տուրի խաղում տեղի ունեցած միջադեպը: 42-րդ րոպեին իտալական «Ինտերի» 29-ամյա ֆուտբոլիստը կորցրել էր գիտակցությունը և մոտ 20 րոպե խաղադաշտում բուժօգնություն ստանալուց հետո տեղափոխվել հիվանդանոց: Նրա սիրտը կանգ էր առել:

«Շնորհակալություն աջակցության համար, ես չեմ հանձնվի: Հիմա ավելի լավ եմ զգում ինձ, սակայն ցանկանում եմ հասկանալ, թե ինչ տեղի ունեցավ ինձ հետ: Բոլորիդ շնորհակալ եմ այն ամենի համար, ինչ դուք արեցիք ինձ համար»,- Կրիստիան Էրիկսենի խոսքը մեջբերում է Gazzetta dello Sport-ը:

Հիշեցնենք, որ Դանիայի մայրաքաղաք Կոպենհագենի «Պարկեն» ստադիոնում անցկացված հանդիպումը 42-րդ րոպեին դադարեցվել էր բժշկական նկատառումներով և վերսկսվեց մոտ 2 ժամ անց: Խաղի վերսկսումից հետո Ֆինլանդիայի հավաքականի ֆուտբոլիստները դանիացի խաղացողներին խաղադաշտում դիմավորեցին ծափողջյուններով: Առաջին անգամ Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլին մասնակցող Ֆինլանդիայի հավաքականն այդ խաղում հաղթել էր նվազագույն հաշվով:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով