22:22  ,  13 հունիսի, 2021

Սաութգեյթ․ Խորվաթիան գրեթե ամբողջ հանդիպումն անցկացրեց առանց գնդակի

Անգլիայի հավաքականի գլխավորե մարզիչ Գարեթ Սաութգեյթն ամփոփել է հաղթական մեկնարկը Եվրո-2020-ում։ Անգլիացիները նվազագույն հաշվով առավելության են հասել աշխարհի փոխչեմպիոն Խորվաթիայի հավաքականի նկատմամբ։

«Ես գոհ եմ մեր թիմի խաղից։ Ամենակարեւորը հաղթական արդյունքն է։ Շատ լավ է, որ մրցաշարը սկսեցինք հաղթանակով։ Իհարկե, զգացվում էր լարվածություն մեկնարկից առաջ։ Նաեւ շոգ էր, բայց ֆուտբոլիստները կարողացան հաղթահարել դժվարությունները։

Խորվաթիան գրեթե ամբողջ հանդիպումն անցկացրեց առանց գնդակի։ Մենք լավ ուսումնասիրել էինք մրցակցին, եւ ես գոհ եմ մեր կատարած աշխատանքից։

Բոլորը հասկանում էին, որ անհաջողության դեպքում հայտնվելու ենք քննադատության թիրախում։ Այս հաղթանակի շնորհիվ ֆուտբոլիստները որոշակիորեն ազատվեցին սպասելիքների բեռից»,- Սաութգեյթի խոսքը մեջբերում է BBC-ն։

Անգլիան առաջին անգամ Եվրոպայի առաջնության եզրափակիչ մրցաշարը սկսեց հաղթանակով եւ 3 միավորով գլխավորեց D խմբի մրցաշարային աղյուսակը։ Այս խմբում առաջին տուրի մյուս հանդիպումը տեղի կունենա հունիսի 14-ին Գլազգոյում։ Կմրցեն Շոտլանդիայի եւ Չեխիայի հավաքականները։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով