12:26  ,  13 հունիսի, 2021

Գարեթ Սաութգեյթն ու Հարի Քեյնը՝ Խորվաթիայի հետ դիմակայության մասին

Անգլիայի հավաքականի գլխավոր մարզիչ Գարեթ Սաութգեյթն ու թիմի ավագ Հարի Քեյնը խոսել են Խորվաթիայի հետ առաջիկա դիմակայությունից իրենց սպասելիքների մասին։ Թիմերը կհանդիպեն Եվրո-2020-ի խմբային փուլի առաջին տուրում։

«Խորվաթիան տաղանդավոր կատարողներով շատ փորձառու թիմ է, որն ունի ուժեղ հոգեբանություն, անհավանական մարտական ոգի։ Մրցակիցը տակտիկապես շատ ճկուն է։ Առաջիկա հանդիպումը մեզ համար կլինի լուրջ փորձությունում, բայց մենք գիտենք, որ կարող ենք հաղթել»,- Սաութգեյթի խոսքը մեջբերում է ՈւԵՖԱ-ի կայքը։

«Եթե մրցաշարը սկսենք հաղթանակով, վաստակենք 3 միավոր, դա մեզ կտա դրական լիցքեր Շոտլանդիայի հետ հաջորդ խաղից առաջ։ Բայց այս մրցաշարում մեկ խաղով չես հաղթի, պետք է լինել համբերատար եւ թելադրել սեփական գիծը։ Կարծում եմ՝ մենք դուրս կգանք խմբից։

Խորվաթիան հարուստ փորձով հրաշալի թիմ է, առաջատար լիգաներում հանդես եկող ֆանտաստիկ ֆուտբոլիստներով։ Բարդ է հաղթել այսպիսի թիմի, բայց եթե կարողանանք խաղադաշտում անել այն, ինչ պատրաստել ենք մարզումներին, կհաղթենք»,- ասել է Քեյնը։

Անգլիա – Խորվաթիա հանդիպումը տեղի կունենա հունիսի 13-ին Լոնդոնի «Ուեմբլի» ստադիոնում եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով 17։00-ին։

D խմբում ընդգրկված են նաեւ Չեխիայի եւ Շոտլանդիայի հավաքականները։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով