12:55  ,  12 հունիսի, 2021

Թուրքիա - Իտալիա խաղի լավագույն ֆուտբոլիստը, Մանչինիի մեկնաբանությունը, ռեկորդներ ու հակառեկորդներ (ֆոտո)

Իտալիայի հավաքականի գլխավոր մարզիչ Ռոբերտո Մանչինին մեկնաբանել է Եվրոպայի առաջնության եզրափակիչ մրցաշարի բացման խաղում Թուրքիայի հավաքականի նկատմամբ վստահ հաղթանակը 3։0 հաշվով։

«Հույս ունեի, որ ամեն բան հենց այսպես է սկսվելու: Ուրախ ենք, որ ցուցադրեցինք լավ խաղ և ուրախություն պարգևեցինք երկրպագուներին, որոնց կարոտել էինք: Հուսով եմ՝ իտալացիները լավ երեկո անցկացրին:

Մենք կատարեցինք քայլ առաջ և չհանձնվեցինք նույնիսկ այն պահերին, երբ խնդիրներ էինք ունենում, քանի որ մրցակիցը ամբողջ թիմով կանգնած էր պաշտպանությունում: Գիտենք, որ ունենք հրաշալի թիմ: Կատարել ենք լավ աշխատանք, բայց կարող ենք դառնալ շատ ավելի լավը:

Վճռորոշ եղավ թիմի մոտիվացիան, մենք վերահսկեցինք ամբողջ խաղը: Մեր թիմում շատ են երիտասարդ խաղացողները: Նրանց ասել եմ, որ առանց լարվածության անեն այն, ինչ կարողանում են»,- իտալացի մասնագետի խոսքը մեջբերում է Sky Sport Italia-ն:

Հռոմի «Օլիմպիկո» ստադիոնում տեղի ունեցած հանդիպման լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել «Ռոմայի» պաշտպան Լեոնարդո Սպինացոլան, որն Իտալիայի հավաքականի մեկնարկային կազմում հանդես էր եկել առանց փոխարինման:

Իտալիայի հավաքականը տարավ Եվրոպայի առաջնության բացման խաղերի ամենախոշար հաշվով հաղթանակը:

Թուրինի «Յուվենտուսի» պաշտպան Ջորջո Կյելինին, մասնակցելով հանդիպմանը, ռեկորդ է կրկնել Իտալիայի հավաքականում: Դա 36-ամյա իտալացու չորրորդ մասնակցությունն է Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլին: Կյելինին կրկնել է Ջանլուիջի Բուֆոնի և Ալեսանդրո Դել Պյերոյի ռեկորդները։

Թուրքիայի հավաքականի և «Յուվենտուսի» պաշտպան Մերիհ Դեմիրալը, դառնալով ինքնագոլի հեղինակ, սահմանել է հակառեկորդ: Պատմության մեջ առաջին անգամ Եվրոպայի առաջնությունների առաջին գոլը գրանցվեց որպես ինքնագոլ:

Թուրքիայի հավաքականը ևս սահմանել է հակառեկորդ: Թուրքերը պարտվել են Եվրոպայի ու աշխարհի առաջնությունների բոլոր՝ 7 մեկնարկային խաղերում:

Հիշեցնենք, որ A խմբում Թուրքիայի հավաքականը կմրցի նաեւ Ուելսի (հունիսի 16) և Շվեյցարիայի (հունիսի 20)։ Իտալացիները հունիսի 16-ին կխաղան շվեյցարացիների, հունիսի 20-ին՝ Ուելսի հետ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով