17:43  ,  11 հունիսի, 2021

Հրաձիգ Էլմիրա Կարապետյանը նվաճեց օլիմպիական ուղեգիր

Հրաձիգ Էլմիրա Կարապետյանը նվաճեց Տոկիոյի Օլիմպիական խաղերի ուղեգիր: Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում հայտնեց Էլմիրա Կարապետյանը: Հրաձիգն օլիմպիական ուղեգիրը նվաճել է Եվրոպայի առաջնության արդյունքների միավորների վերջնահաշվարկով՝ ատրճանակ 10 մետր մրցաձեւում:

«Մի քանի օր առաջ էի իմացել, որ վարկանիշներով օլիմպիական ուղեգիր եմ ստանալու, բայց հաստատումը ՀԱՕԿ-ին եւ Հայաստանի հրաձգության ֆեդերացիային եկել է հունիսի 11-ին: Շատ եմ ուրախացել, որովհետեւ Եվրոպայի առաջնության ժամանակ տխրել էի, որ արդյունքս չբավարարեց ուղեգիր նվաճելու համար: Ամեն ինչ մի փոքր խառը ստացվեց, բայց այս ուղեգիրը ստացվեց:

Եվ սպասում էի եւ չէի սպասում: Մայիսի 20-29-ը Խորվաթիայում տեղի ունեցած Եվրոպայի առաջնությունում ամեն մրցաձեւում երկու ուղեգիր պետք է խաղարկվեր, բայց հետո որոշում փոխվեց եւ իմ վարժությունում՝ ատրճանակում, մեկ ուղեգիր խաղարկեցին: Եթե երկուսը խաղարկվեր, ես երկրորդը կնվաճեի իմ 5-րդ տեղի արդյունքով: Եվրոպայի առաջնությունից հետո ասացին, որ երկրորդ ուղեգիրը կհաշվարկվի միավորներով: Եվրոպայի առաջնությունում 70 մասնակիցների մեջ 5-րդ տեղ էի զբաղեցրել վարժությունով եւ եզրափակիչում: Հավատում էի, որ ինձ կհաջողվի նվաճել ուղեգիր, քանի որ այս անգամ իրոք արժանի էի:

Բոլոր մրցաձեւերում երկու ուղեգիր էր խաղարկվում եւ, անարդար էր, որ մեր ձեւում մեկը հանել էին: Եզրափակիչ դուրս եկած բոլոր մասնակիցներից ուղեգիր չունեինք միայն ես եւ ադրբեջանցին: Եթե ես նրան հաղթում էի եզրափակիչում, երկրորդ ուղեգիրը պետք է բաժին հասներ ինձ: Ադրբեջանցին զբաղեցրեց 8-րդ տեղը, ես՝ 5-րդ, հետո ասացին, որ երկրորդ ուղեգիրը հանված է: Արդյունքում միավորների հաշվարկով ուղեգիրը հաստատվեց իմ անունով, ինչի համար շատ ուրախ եմ»,- ասաց Էլմիրա Կարապետյանը:

Էլմիրա Կարապետյանը Հայաստանի 11-րդ օլիմպիականն է Տոկիո-2020-ում:

Մինչև այս Հայաստանն ուներ 10 ուղեգիր, չորսը՝ հունահռոմեական ըմբշամարտում (Արմեն Մելիքյան, 60 կգ, Կարեն Ասլանյան, 67 կգ, Կարապետ Չալյան, 77 կգ, Արթուր Ալեքսանյան, 97 կգ), երկուսը՝ ազատ ոճի ըմբշամարտում (Արսեն Հարությունյան, 57 կգ, Վազգեն Թևանյան, 65 կգ), մեկական՝ սպորտային մարմնամարզությունում (Արթուր Դավթյան), եռացատկում (Լեւոն Աղասյան) եւ երկուսը բռնցքամարտում (Կորյուն Սողոմոնյան 52 կգ, Արման Դարչինյան 75 կգ):

Կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով Տոկիո-2020 Օլիմպիական խաղերը հետաձգվել էին մեկ տարով և կանցկացվեն 2021թ. հուլիսի 23-ից օգոստոսի 8-ը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Հարցում
Քվեարկել են (13)
  • Ֆեյսբուք
  • NEWS.am Sport Exclusive
  • Արխիվ