17:41  ,  9 հունիսի, 2021

ՀԲՖ նախագահ․ Բաչկովը պարտվեց, բայց վարկանիշով Եվրոպայում առաջին համարն է եւ կստանա օլիմպիական ուղեգիր

Փարիզի վարկանիշային մրցաշարի արդյունքներն ինձ չեն գոհացնում: Հովհաննես Բաչկովը պարտվեց, բայց վարկանիշով Եվրոպայում առաջին համարն է եւ կստանա օլիմպիական ուղեգիր: 3 օլիմպիականով կպատրաստվենք Խաղերին:

Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում Փարիզից ասաց Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նորընտիր նախագահ Հովհաննես Հովսեփյանը:

Բռնցքամարտի Հայաստանի հավաքականը հունիսի 4-8-ը Փարիզում մասնակցեց Տոկիոյի Օլիմպիական խաղերի վերջին վարկանիշային մրցաշարին, որն անցած տարի կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով անավարտ մնացած Լոնդոնի վարկանիշային մրցաշարի շարունակությունն էր:

7 մասնակցով վարկանիշային մրցաշարին ներկայացած Հայաստանի հավաքականից օլիմպիական ուղեգիր նվաճեց միայն 75 կգ քաշային Արման Դարչինյանը, որը դարձավ նաեւ բրոնզե մեդալակիր: Հայաստանի մյուս ներկայացուցիչները պարտվեցին:

Հայաստանի առաջատար բռնցքամարտիկ, Եվրոպայի կրկնակի չեմպիոն Հովհաննես Բաչկովը վնասվածքի պաճառով տեխնիկական պարտություն կրեց:

Ֆեդերացիայի նախագահի խոսքով, Բաչկովն ապահովել է իր օլիմպիական ուղեգիրը:

«Վարկանիշային մրցաշարի արդյունքներն ինչ չեն գոհացնում: Պարտությունների մեծ մասը վիճարկելի էին մրցավարության պատճառով: Իմ անձնական կարծիքով՝ ոչ թե անում էին այնպես, որ հայ բռնցքամարտիկները պարտվեին, այլ զուտ ոչ պրոֆեսիոնալ մրցավարություն էր:

Մի քանի անհասկանալի դրվագներ եղան. օրինակ՝ 91 կգ քաշային Նարեկ Մանասյանի մենամարտում մրցավարները երկու ռաունդում հաղթանակը տվեցին մեզ, բայց ընդհանուր հաղթանակը գնաց մրցակցին:

Անի Հովսեփյանի մեկարկային մենամարտում եւս երկու ռաունդ տվեցին մեզ՝ 3:2, 3:2, վերջում հաղթեց մրցակիցը՝ 4:1, 3:2: Հովհաննես Բաչկովը վերջին վայրկյանների հոնքի վնասվածք ստացավ եւ բժիշկը կանգնեցրեց մենամարտը՝ հաղթանակը շնորհելով մրցակցին:

Բաչկովի մենամարտի ավարտին մնացել էր 10 վայրկյան, եւ նա հաղթում էր: Մենամարտը վերջին վայրկյաններին կանգնեցնելու իրավունք չունեին: Վնասվածքը լուրջ էր, բայց պետք է թողնեին ավարտվեր այդ ռաունդը, որոշեին հաղթողին:

Կորյուն Սողոմոնյանը Լոնդոնում էր նվաճել ուղեգիրը, այստեղ շարունակում էր պայքարը: Չստացվեց նրա մենամարտը: Մրցակցին գիտեինք, ուղղակի այս անգամ չստացվեց: Նրանց հաջորդ հանդիպումը ռինգում 100 տոկոս լավ կստացվի: Թիմը պատրաստված էր մեկնել մրցաշարին, ինձ թիմի պատրաստվածությունը գոհացնում էր, բայց կան խնդիրներ, որոնք տեսանք եւ պետք է լուծենք: Եթե կա պարտություն, ուրեմն կան խնդիրներ: Դրանք ուսումնասիրել ենք, տեսնում ենք, կփորձենք շտկել»,- ասաց Հովհաննես Հովսեփյանը:

ՀԲՖ նախագահը նշեց, որ չնայած Հովհաննես Բաչկովը պարտվեց վարկանիշային մրցաշարում, բայց նա արդեն ունի օլիմպիական ուղեգիր:

«Երեք ուղեգիր ունենք՝ Կորյուն Սողոմոնյան (52 կգ), Արման Դարչինյան (75 կգ) եւ Հովհաննես Բաչկով (63 կգ): Բաչկովը վարկանիշային միավորներով Եվրոպայի առաջին համարն է: Քանի որ եվրոպական գոտու վարկանիշային մրցաշարը չեղարկվեց, վարկանիշները կբաժանեն ռեյտինգներով, իսկ Հովհաննես Բաչկովը Եվրոպայի առաջին համարն է իր քաշային կարգում, եւ նա կստանա օլիմպիական ուղեգիր: Սա սպիտակ քարտ չի համարվում: Մեծ հավանականություն կա, որ նույն կարգով՝ վարկանիշներով օլիմպիական ուղեգիր կունենա նաեւ կանանց Եվրոպայի Մ-22 եւ աշխարհի երիտասարդական առաջնությունների չեմպիոն Անուշ Գրիգորյանը, բայց դեռ վերջնական չէ: Այժմ սպասում ենք միավորների հաշվարկին: Մեր հաշվարկով միավորներով Անուշն ու սերբ բռնցքամարտիկը հավասար են. տեսնենք՝ ում կտան առաջնահերթությունը:

Այն, որ Փարիզում լավ արդյունքներ չունեցանք, հաճելի չէր, բայց թիմն ընկճված չի: Բռնցքամարտիկը չի ընկճվում: Հոկտեմբերին աշխարհի առաջնություն ունենք, լավ կպատրաստվենք եւ մեր ուզած արդյունքները կունենանք»,- մանրամասնեց Հովհաննես Հովսեփյանը:

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում