15:10  ,  9 հունիսի, 2021

Վարշամ Գևորգյան. Կարիերայիս ամենակարևոր մենամարտը կլինի ադրբեջանցու հետ (ֆոտո)

Հունիսի 25-ին կարիերայիս ամենակարեւոր մենամարտը կլինի ադրբեջանցի մրցակցի հետ։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց խառը մենամարտերի (ММА) մարտիկ Վարշամ Գեւորգյանը, փոխանցում է NEWS.am Sport-ի թղթակիցը։

Ղազախստանի Ալմաթի քաղաքում հունիսի 25-ին տեղի կունենա MMA-ի պրոֆեսիոնալ մրցաշար, որտեղ Վարշամ Գեւորգյանը կմենամարտի ադրբեջանցի մարտիկի հետ։

Վարշամ Գեւորգյանը, խառը մենամարտերի մարտիկ Նարեկ Ավագյանը, UFC-ում հանդես եկող ռուսաստանցի մարզիկ Արման Ծառուկյանը եւ մարզիչ, մարտավկա Արմեն Սողոյանը ներկայացրել են առաջիկա մենամարտի նախապատրաստական փուլը։

«Ղազախստանի Ալմաթի քաղաքում կայանալիք մրցաշարին մասնակցելու հրավեր-հայտ ենք ստացել ադրբեջանական կողմից։ Ադրբեջանցի մարտիկը ցանկություն է հայտնել անպայման մենամարտել որեւէ հայ մրցակցի հետ։ Հայտը ներկայացվել է հենց Վարշամ Գեւորգյանին եւ ընդունել ենք։ Այդ օրն ակնկալում ենք Ալմաթիի հայ համայնքի աջակցությունը մեր մարզիկին եւ սպասում ենք Վարշամի հաղթանակին»,- ասաց մարզիչ Արմեն Սողոյանը։

Վարշամ Գեւորգյանի խոսքով, ադրբեջանցի մրցակիցը մարտահրավեր է ուղարկել «Ղարաբաղը մերն է» գրառումներով։  

«Հունիսի 25-ին իմ մարզական կարիերայի ամենակարեւոր եւ ուժեղ մենամարտն է տեղի ունենալու։ Լավ մարզավիճակում եմ, պատրաստ եմ մենամարտին։ Մրցակիցս իմ վերջին մենամարտից հետո մարտահրավեր նետեց, նկարներ էր հրապարակել՝ «Ղարաբաղը մերն է» գրառումներով, ես էլ չեմ հրաժարվել։ Պատրաստվել եմ ու ամեն ինչ անելու եմ, որ հաղթեմ»,- նշեց Վարշամ Գեւորգյանը։

Հայ մարտիկին մարզումային փուլում օգնում է UFC-ի թեթև քաշային կարգի դասակարգման աղյուսակում 15-րդ տեղը զբաղեցնող Արման Ծառուկյանը, որն այս օրերին Երեւանում է։

«Եկել եմ Ռուսաստանից եւ օգնում եմ Վարշամին պատրաստվել այդ կարեւոր մենամարտին։ Ծանոթացնում եմ ըմբշամարտի հնարքների, հարվածային տեխնիկայի, որոնք կիրառում եմ իմ հաղթանակների դեպքում։ Արդեն լավ արդյունքներ է գրանցում Վարշամը, շատ ուժեղ մարզիկ է, ուժեղ է ըմբշամարտից։ Վստահ եմ, որ հաղթելու է»,- ասաց Արման Ծառուկյանը։

Վարշամ Գեւորգյանը նաեւ նշեց, որ ադրբեջանցի մարտիկը փորձում է քաղաքականացնել առաջիկա մենամարտը։

«Մրցակիցս 4 տարի առաջ պարտվել է Վարդան Ասատրյանին, եւ մենամարտից հետո Վարդանն Արցախի դրոշն է պարզել։ Դրանից հետո որոշել է, որ մի օր պետք է հայի հետ դարձյալ ութանկյուն մտնի եւ հաղթի։ Հարցազրույցներ է տվել եւ ասել, որ սա լինելու է իր կյանքի կարեւոր մենամարտը։ Ես էլ եմ ասում, որ սա իմ կարեւոր մարտն է լինելու։ Ես դուրս կգամ ութանկյուն հերթական մրցակցիս հաղթելու, բայց իրականում կպատրաստվեմ ամբողջ Արդբեջանի դեմ կռվի։ Ինձ արդեն հաղորդագրություններ են ուղարկում եւ փորձում են ճնշել, բայց նրանց մոտ չի ստացվելու»,- մանրամասնեց Վարշամ Գեւորգյանը։ 

Լուսինե Շահբազյան

Ֆոտո՝ Էմմա Ասատրյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում