16:47  ,  8 հունիսի, 2021

Նոբել Առուստամյանը չի հավատարմագրվել Եվրո-2020-ին. Խոչընդոտել է Բաքվի կազմկոմիտեն

Ռուսական «Матч ТВ» հեռուստաալիքի ֆուտբոլային մեկնաբան Նոբել Առուստամյանը չի ստացել ֆուտբոլի Եվրոպայի առաջնության հավատարմագրում։ Այդ մասին սոցցանցերում հայտնել է ռուս մեկնաբան Վասիլի Ուտկինը։ Նրա խոսքով՝ Առուստամյանի մասնակցությանը Եվրո-2020-ին խոչընդոտել է Բաքվի կազմկոմիտեն։

«Եթե աշխարհում լինում է անասնական անարդարություն, ապա՝ ահա այն։ Նոբել Առուստամյանը տեսականորեն չի աշխատում Եվրոյում։ Նա չի հավատարմագրվել։ Նոբելը չի հավատարմագրվել։ Որովհետև հավատարմագրման հավանությունը պետք է տան բոլոր քաղաքների կազմկոմիտեները։ Եվ Բաքուն արգելափակել է Նոբելին, որը, ի դեպ, ծնունդով բաքվեցի է։ Ի՞նչ է դա, եթե ոչ մարդուն իր մասնագիտությամբ զբաղվելուց զրկել՝ հիմնվելով համոզմունքների ու ազգային պատկանելության վրա։ Բաքվում Եվրոյի կազմկոմիտե, ընդունեք սառցե քամահրանքս»,- գրել է Վասիլի Ուտկինը։

Հիշեցնենք, որ կորոնավիրուսի համավարակի պատճառով Եվրո-2020-ը հետաձգվել էր մեկ տարով և կանցկացվի 2021 թվականի հունիսի 11-ից հուլիսի 11-ը: Եվրոպայի առաջնության եզրափակիչ մրցաշարն առաջին անգամ տեղի կունենա 11 քաղաքներում՝ Լոնդոնում, Մյունխենում, Հռոմում, Կոպենհագենում, Բուխարեստում, Ամստերդամում, Սևիլիայում, Բուդապեշտում, Սանկտ Պետերբուրգում, Գլազգոյում և Բաքվում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս