09:59  ,  7 հունիսի, 2021

Ֆլոյդ Մեյվեզերը չկարողացավ հաղթել վիդեոբլորգեր Լոգան Պոլին

Պրոֆեսիոնալ բռնցքամարտի հինգ քաշային կարգերում աշխարհի նախկին չեմպիոն, անպարտելի Ֆլոյդ Մեյվեզերը ցուցադրական մենամարտում չի կարողացել հաղթել 26-ամյա վիդեոբլոգեր Լոգան Պոլին:

Մայամիի «Հարդ Ռոկ սթեդիումում» տեղի ունեցած 8 ռաունդանոց մենամարտը հաղթող չի ունեցել: Քանի որ մենամարտն ուներ ոչ պաշտոնական բնույթ, չկային ռինգից դուրս գտնվող մրցավարներ: Այդ պատճառով մասնակիցները կարող էին հաղթանակի հասնել միայն մրցակցին նոկաուտի ենթարկելու շնորհիվ:

Մենամարտի արդյունքը չի ընդգրկվի պաշտոնական վիճակագրության մեջ: 44-ամյա Ֆլոյդ Մեյվեզերը պրոֆեսիոնալ ռինգում անցկացրած 50 մենամարտերում տարել է 50 հաղթանակ: Լոգան Պոլը պարտություն է կրել միակ մենամարտում:

Նախորդ անգամ Ֆլոյդ Մեյվեզերը ռինգից առանց հաղթանակի հեռացել էր 1996թ. Օլիմպիական խաղերում, որտեղ միավորներով պարտվել էր բուլղարացի Սերաֆիմ Տոդորովին:

Հիշեցնենք, որ Մեյվեզերը նախորդ մենամարտն անցկացրել է 2018-ի դեկտեմբերի 31-ին Տոկիոյում՝ նոկաուտի ենթարկելով ճապոնացի Տենսին Նասուկավային:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում