21:03  ,  6 հունիսի, 2021

Ռոբերտ Էմմիյան. Կանենք հնարավորը, որ աթլետների օլիմպիական ուղեգրերն ավելանան

Հայ աթլետների արդյունքները Եվրոպայի փոքր երկրների առաջնությունում ուրախացնող են: Մեդալների եւ օլիմպիական նորմատիվների ակնկալիքով կպատրաստվենք Կիպրոսում անցկացվելիք Եվրոպայի թիմային առաջնությանը: Կանենք հնարավորը, որ մեր օլիմպիական ուղեգրերն ավելանան:

Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում Փարիզից ասաց հեռացատկի Եվրոպայի չեմպիոն, Եվրոպայի ռեկորդակիր, Հայաստանի աթլետիկայի ֆեդերացիայի նախագահ Ռոբերտ Էմմիյանը:

Սան Մարինոյում ավարտված աթլետիկայի Եվրոպայի փոքր երկրների առաջնությունում Հայաստանի թիմը նվաճել է երեք արծաթե եւ երկու բրոնզե մեդալ: Կանանց 800 մետր վազքում երկրորդ տեղն է գրավել Էլլադա Ալավերդյանը (2:16:10)։ Երվան Մկրտչյանը երկրորդն է եղել 3 հազար մետր վազում (8:14:46)։ Գոռ Բեգլարյանը երկրորդ արդյունքն է ցույց տվել հեռացատկում (7, 42 մ)։ Երրորդ տեղը գրավել է Արտակ Համբարձումյանը (7,39 մ)։ Ռազմիկ Մկրտչյանը անձնական ռեկորդով երրորդն է եղել 200 մետր վազքում (21.59)։

Հայաստանի թիմի հետ Սան Մարինոյում է եղել նաեւ Ռոբերտ Էմմիյանը եւ մրցավայրից հետեւել հայ աթլետների մրցելույթներին:

«Շատ ուրախ եմ մեր թիմի հաջողությունների համար: Եվրոպայի փոքր երկրների առաջնությունը լուրջ մրցաշար է, որին մասնակցում էինք արդեն չորրորդ անգամ: Այս առաջնությունը Եվրոպական ֆեդերացիային մենք ենք առաջարկել հիմնել, այդ կազմում եմ նաեւ ես, իմ միջազգային ընկերների հետ միասին: Սա հնարավորություն է փոքր երկրների թիմերին ավելի շատ միջազգային մրցումների փորձ ձեռք բերել:

Հայաստանի թիմի արդյունքներն օր օրի աճում են, եւ դա ինձ շատ է ուրախացնում: Ափսոսում եմ միայն, որ ոսկե մեդալ չունեցանք: Ոսկե մեդալ ակնկալում էինք Յանա Սարգյսնանից հեռացատկում: Նա երեք անգամ հրման տախտակի գիծը տրորեց, այլապես, ոսկե մեդալ կնվաճեր: Հայաստանի առաջնությունում Յանա Սարգսյանը եռացատկի ռեկորդ սահմանեց՝ 13 մ 16 սմ արդյունքով: Հույսս չեմ կորցնում: Վստահ եմ, որ նա դեռ իրեն կարդարացնի Եվրոպայի թիմային առաջնությունում, Բալկանյան երկրների առաջնությունում: Նա պայքարող տեսակ է եւ դեռ մեծ արդյունքներ կունենա:

Շատ գոհ եմ Գոռ Բեգլարյանից: Մեծահասակների կազմում Գոռն առաջին անգամ էր մասնակցում միջազգային մրցաշարի եւ երկրորդ տեղի արդյունք ցույց տվեց: Մասնակցում էինք մեծ կազմով՝ 21 աթլետով եւ 5 մեդալը գոհացնող է: Մեր թիմը վաղուց միասին, մեծ կազմով չէր մասնակցել միջազգային մրցաշարի: Շնորհակալությունս մեր թիմին, մարզիկների անձնական մարզիչներին լավ աշխատանքի համար:

Օրերս ինձ շատ ուրախացրեց Լեւոն Աղասյանի հաջողությունը Վրաստանի բաց առաջնությունում օլիմպիական վարկանիշը լրացնելով: Ամեն ինչ կանենք, որ ուղեգիր ունենա նաեւ Երվանդ Մկրտչյանը:

ԱՄՆ-ից մեզ կմիանա նաեւ Ալեքս Դոնիկյանը: Հուսանք՝ ամերիկուհի Ալիսոն Հալվերսոնը միջազգային ֆեդերացիայի կողմից իրավունք կստանա հանդես գալ Հայաստանի հավաքականի կազմում եւ պայքարել օլիմպիական վարկանիշի համար: Ալիսոնն արդեն ստացել է Հայաստանի քաղաքացիություն, նրան շնորհվել է հայկական անձնագիր, բայց միջազգային ֆեդերացիան դեռ չի հաստատել Հայաստանի դրոշի ներքո հանդես գալու նրա իրավունքը: Հայաստանի ֆեդերացիան արդեն դիմել է միջազգայինին եւ սպասում ենք պատասխանին: Եթե հաջողվի, նրա համար նույնպես կփորձենք գտնել որեւէ միջազգային մրցաշար, որտեղ կկարողանա լրացնել օլիմպիական նորմատիվ:

Հունիսի 19-20-ը Կիպրոսում կանցկացվի Եվրոպայի թիմային առաջնությունը: Մինչ այդ կմասնակցենք մեկ այլ միջազգային մրցաշարի, որտեղ Երվանդ Մկրտչյանը կփորձի լրացնել 1500 մեր վազքի օլիմպիական նորմատիվը: Եթե միջազգային մրցաշարում չհաջողվի, Եվրոպայի թիմային առաջնությունը եւս վարկանիշ է տալիս, այնտեղ կփորձենք: Բոլոր հնարավոր միջոցները կօգտագործենք, որպեսզի մեր օլիմպիական ուղեգրերի քանակն ավելանա»,- ասաց Ռոբերտ Էմմիյանը:

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով